Փաշինյանը մեկնաբանում է Տավուշի գյուղերի հանձնելու Ադրբեջանի պահանջները

Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին պահանջներին։

«Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձաձայնվում էին գյուղերի անունները, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլեւս դրանից հետո»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանները և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք․ «Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը Ալմա Աթայի հռչակագրով և ոչ միայն այդ հռչակագրով, այլև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած համաձայնություններով վերահաստատվել է՝ Ալմա Աթայի հռչակագիրը դարձել է սահմանները և փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։ Հետևաբար, այդ համաձայնությունների բերումով ադմինիստրատիվ նախկին սահմանը, որը Խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել, այդ ադմինիստրատիվ սահմանից ինչ-որ գտնվում է դեպի այն կողմ՝ պայմանականորեն Ադրբեջան է, ինչը գտնվում է այս կողմ՝ Հայաստան է։ Դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերաարտադրելու վրա։ Մենք պետք է ելնենք դե յուրե իրողությունից։ Այն ինչը Հայաստանն է, Հայաստանն է, ինչը Հայաստան չէ, Հայաստան չէ»։

Կիսվել ձեր ընկերների հետ