5 ամիս տևած երջանկություն
Գոռը և Անին ամուսնացել են շրջափակման ծանր ժամանակահատվածում։
Նրանց սիրո պատմությունը սկիզբ էր առել դեռևս դպրոցական տարիներից։
Եվ քանի որ շրջափակման ժամանակ քիչ էին հարսանեկան արարողությունները՝ Գոռի և Անի ամուսնության մասին գիտեին գրեթե բոլոր ստեփանակերտցիները։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը բոթը հասավ, որ Մարտակերտի շրջանի Կաշեն հանքավայրի համար թեժ կռիվներում զոհվել է քաղցրավենիք պատրաստող Անիի Գոռը…

Գոռ Մհերի Ղուկասյանը ծնվել է
05.06.2002թ. ք. Ստեփանակերտում: Ավարտել է Աշոտ Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը։ 2017թ. ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի
«Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» ֆակուլտետը: Ավարտելուն պես ժամկետային ծառայության է անցել Մատաղիսում՝ 13.07.2020թ-ին։ Մասնակցել է 44-օյա պատերազմին, սկզբից եղել է Մատաղիսում, այնուհետև Թաղավարդ գյուղում։ Մարտական գործողություններում ցուցաբերել է ակտիվ մասնակցություն և պատվով է կատարել իրեն առաջադրված մարտական խնդիրները։
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի, ստացել է ավագ սերժանտ զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով նաև «Քաջարի մարտիկ» և «ՀՀ զինված ուժերի լավագույն զինվորական-մարզիկ» կրծքանշաններով
Շատ էր սիրում մարզվել, զբաղվում էր սպորտով։

24.10.2022թ. ենթասպա Գոռ Ղուկասյանը պայմանագրային ծառայության է անցել Արցախի Հանրապետության ԱԱԾ զորքերում, որպես գնդացրորդ։
2023 թվականի ապրիլի 21-ին ամուսնացել է:
Սեպտեմբերի 12-ից ընդգրկված էր մարտական ծառայության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրի հարակից տարածքում գտնվող մարտական դիրքի պաշտպանությանը:
Սեպտեմբերի 19-ին պատերազմական գործողությունների վերսկսման ժամանակ ենթասպա Գ.Մ.Ղուկասյանն իր առջև դրված խնդիրները կատարել է բարձր մակարդակով, հմուտ գործողություններով, որպես գնդացրորդ կանխել է հակառակորդի հարձակվող գերակշռող ուժերի առաջխաղացումը՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի զգալի կորուստներ։
Վիրավորում ստանալուց հետո շարունակել է մարտը՝ ցուցաբերելով խիզախություն և արիություն։
Զոհվել է նույն տեղում, չթողնելով մարտական դիրքը։
