Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան այսուհետեւ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանն է: Դերասանուհին, որն ինքն էլ հաղթահարել է քաղցկեղը, այսօր՝ ապրիլի 3–ին, այցելել էր Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն, որտեղ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նրան հանձնեց Բարի կամքի դեսպանի վկայականը։
Դերասանուհին շրջեց քաղցկեղի դեմ պայքարող երեխաների հիվանդասենյակներով, ծանոթացավ փոքրիկների և նրանց ծնողների հետ, հանձնեց երեխաների համար նախատեսված նվերները:
«Երևի թե, եթե ինքս էլ վերջերս այս հիվանդությանը չառնչվեի, այլ կերպ կընկալեի այս ամենը: Ցավոք, մենք այսօր կարողանում ենք արհեստական բանականություն ստեղծել, սակայն չենք կարողանում գտնել քաղցկեղի բուժումը»,– ասաց դերասանուհին։
Նրա խոսքով, իր ամուսինը՝ աշխարհահռչակ ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովը մինչև բարեգործական հիմնադրամի ստեղծումն էլ փորձում էր օգնել բոլոր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը: Դերասանուհին կարծում է, որ հայտնի մարդիկ պետք է ձեռք մեկնեն օգնության կարիք ունեցող մարդկանց՝ ոչ միայն ֆինանսապես, այլև հասարակության ուշադրությունը այս կամ այն խնդիրների վրա հրավիրելով:
«Մենք պետք է մտածենք՝ ի՞նչ անել, ինչպես օգնել այս հրաշալի կենտրոնին: Այսօր շատ կարևոր օր է ինձ համար»,– ասաց Սաթի Սպիվակովան։