Երեխաս մաhացավ աչքիս առաջ, փոքրս կյանքի համար էր պայքարում

«Պատերազմի առաջին րոպեներին ընտանիքս տվեց առաջին զոհն ու վիրավորները։ Աչքիս առաջ 16 տարեկան տղաս մահացավ, փոքրս ապրելու համար պայքարում էր, ես էլ մահամերձ վիճակում էի»,- MediaHub-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի հիշողություններով է կիսվում Գոհարինե Գրիգորյանը։

Նրա ընտանիքը տարիներ առաջ վերաբնակեցման ծրագրով հաստատվել էր Արցախում։ Վազգենի հետ ընտանիք էր կազմել, տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, ապա վերադարձել ու բնակություն հաստատել Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ 2020 թվականին Շահումյանի անկումից հետո տեղափոխվել են Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ։ Գոհարինեն ասում է, որ չնայած դժվարություններին, ամեն բան հասցնում էին անել, երեխաները տեղի դպրոցն էին հաճախում, ամուսինն աշխատում էր Վանքում, կյանքը վատ չէր։ «Սեպտեմբերի 19-ին մի քանի րոպեում ամեն ինչ փոխվեց։ Վանք գյուղում էինք։ Երբ լսեցի առաջին պայթյունի ձայնը, մտածեցի ամպի որոտ է, հետո դրանք շատացան։ Ամուսինս գոռաց, որ պատերազմ է։ Արագ մտա տուն, որ երեխաներին շորեր ու անհրաժեշտ պարագաներ վերցնեմ գնանք ապաստարան։ Հրթիռն ընկավ ուղիղ տան բակ։ Ամբողջ մարմնիցս արյուն էր հոսում, արդեն գիտակցությունս կորցնում էի, մեկ էլ Վազգենը գոռաց` «Գոհա՜ր, Սերգե՛յը, Մկրտի՛չը»»,- արտասվում է կինը։

Գոհարինեի պատմելով՝ ինքն այդ պահին արնահոսում էր։ Նրա ամուսինը վիրակապել է կնոջ ձեռքերը, հետո տեղում նրանց առաջին օգնություն է ցուցաբերել Սամվել անունով մի տղա, այնուհետև տեղափոխել Վանքի տեղամասային հիվանդանոց։

«Այդ պայթյունից վանքեցի մի քանի հոգի ևս վիրավորում էին ստացել, նրանց թվում՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, տեղում մի մարդ մահացել էր։ Վանքի հիվանդանոցում լսեցի՝ «երեխան էլ չկա, մյուսների կյանքը փրկեք»։ Շտապ օգնության մեքենայով մեզ պատրաստվում էին տեղափոխել Ստեփանակերտ, ես անընդհատ Սեգոյիս անունն էի գոռում, ասացին՝ ««պուլսը» վերականգնվել է»։ Ճանապարհվեցինք Ստեփանակերտ։ Ամբողջ ընթացքում ցավից ու երեխաներիս վիճակից արտասվում էի, անգամ ի վիճակի չէի գոռալ։ Մենք հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրավորներն էինք։ Մկրտիչին տարան մանկական հիվանդանոց, իմ դիմաց Սերգեյի մարմինն էր, խնդրում էի, որ երեխայիս փրկեն, բայց բժիշկներն էլ հասկանում էին, որ դա անհնար է։ Ինձ տարան «կատե», ավելի ուշ ասացին, որ երեխաս մահացել է»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ 16-ամյա որդին համեստ էր ու չափազանց բարի սիրտ ուներ։

Բարեբախտաբար, արցախցի բժիշկներին հաջողվում է փրկել Գոհարինեի ու մյուս որդու՝ 13-ամյա Մկրտիչի կյանքը, Վանքից տեղափոխված մյուս վիրավորներին։

Սեպտեմբերի 24-ին Գոհարինեի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ են բերում նաև նրա որդու մարմինը։ Սերգեյը հուղարկավորվել է հայրական գյուղում՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշում։ Վազգենի ու Գոհարինեի ընտանիքը որդու հետ այժմ ապրում են Մեծամորում։ Նրանք շարունակում են բուժումներ ստանալ Երևանում։ Գոհարինեն արդեն 6 վիրահատություն է տարել։ Իր ու որդու մարմնում դեռ առկա են բեկորներ։

Կիսվել ձեր ընկերների հետ