Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում․
«2022 թվականի սեպտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակ, մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում…
Հ.Գ. Տղաների մի մասը հերոսաբար զոհվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհավասար մարտում թշնամուն պատճառելով զինտեխնիկայի և մարդկային մեծաքանակ կորուստներ:
1000 փառք Ձեզ՝ մեր հերոս նահատակներ…
Հ.Գ.1. Ի դեպ այս «չկռվող» տղաներից՝ 2015 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակում 150-ից ավելի , այլ «չկռվող» արցախցիների հետ սրտի ու հոգու կանչով մեկնել էին հյուսիս-արևելյան սահման մարտական առաջադրանքներ կատարելու ,
իսկ 2020 թվականի հուլիսյան դեպքերին հաջորդած ժամանակահատվածում կատարել են մարտական և ռազմական առաջադրանքներ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աժ-ում արցախցի լրագրողին ասել էր․ «Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»։