Փրկարար ծառայության հերթապահություն իրականացրած տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել. Արփինե Սարգսյան

«Մեծածավալ աշխատանք է կատարվել աղետների և արտակարգ այլ իրավիճակների ռիսկի կառավարման, օպերատիվ արձագանքելու գործընթացի շրջանակներում։

2024 թվականին ընդհանուր առմամբ, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 հեռախոսահամարին ստացվել է 1 մլն 569 հազար 871 զանգ։

Միևնույն ժամանակ, զգալի աշխատանքներ են կատարվել անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման ուղղությամբ, ինչի արդյունքում 2024 թվականին անտառային հրդեհների դեպքերը նվազել են 9-ով կամ 41,0%-ով՝ կազմելով 13 (22) դեպք»:

Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ մարդկային կյանքեր փրկելու իրենց գործառույթը փրկարարներն իրականացրել են ջանք չխնայելով։

Նա նշել է, որ Սևանա լճի երեք հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի ափամերձ գոտում լողասեզոնի ընթացքում իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ փրկվել է 31 մարդու կյանք։

«Հերթապահության իրականացման տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։ Ձմեռային սեզոնին փրկարար ծառայողները հանրապետության ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 5․756 (3.162) տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 10․659 (7․502) մարդ։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից օպերատիվորեն իրականացվել է հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակին արձագանքումը, ինչպես նաև վաղ վերականգնումը և հետաղետային հետևանքների վերացումը։ Արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի աշխատանքները ևս համակարգվել են Ներքին գործերի նախարարության կողմից՝ ապահովելով աղետից տուժած անձանց փոխհատուցման գործընթացի իրականացումը»,- ասել է նախարարը:

Սարգսյանի խոսքով՝ աղետներին և այլ արտակարգ իրավիճակներին պետության դիմակայունության բարձրացման ուղղությամբ ևս առկա են ռազմավարական մոտեցումներ, որոնք կենսագործվում են 2023 թվականի հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության համատեքստում։

«2025 թվականի ընթացքում մեր կենտրոնացումը լինելու է Փրկարար ծառայության կառուցվածքի մոդեռնիզացման, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության, ապահովագրական, քաղաքաշինական և այլ ստանդարտների շարունակական ձևավորման և ներդրման ուղղությամբ։

Սա էր կատարված մեծածավալ աշխատանքների հակիրճ թվարկումը, սակայն նշված կետերի ներքո կա ամփոփված հսկայական աշխատանք, մեծ թիմի կողմից ներդրված ահռելի ջանք, որը շատ հաճախ տեսանելի չէ։ 2025թ-ը շարունակելու է մեզ համար լինել ինստիտուցիոնալ բարեփոխումների և զարգացման տարի»,- եզրափակել է նախարարը:

Կիսվել ձեր ընկերների հետ