Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը չհաղթահարեց կիսաեզրափակիչի արգելքը եւ կպայքարի բրոնզե մեդալի համար Փարիզի Խաղերում:

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով:

Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը գրագետ մարտավարությամբ առավելություն ունեցավ: Նախ գորգի մրցավարը պասիվություն տվեց Ամոյանին եւ վերեւից աշխատելու հնարավորություն տվեց Կուսակային, բայց ճապոնացի մրցակիցը չկարողացավ միավոր վաստակել: Ամոյանը մեկ միավոր վաստակեց՝ մրցակցին աշխատանքային գոտուց հանելով: Մրցափուլն ավարտվեց 1:1 հաշվով՝ Ամոյանի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլի մեկնարկում Կուսական 2-միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ: Մալխաս Ամոյանը չկարողացավ մինչեւ գոտեմարտի ավարտը առաջ անցնել հաշվի մեջ:

Գոտեմարտն ավարտվեց 3:1 հաշվով Կուսակայի հաղթանակով:

Մալխաս Ամոյանն ու Նաո Կուսական հանդիպել էին 2022 թ. աշխարհի Մ23 առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Ամոյանը հաղթել է 9:5 հաշվով:

Եվրոպայի եռակի չեմպիոնն իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Ամոյանը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին:

Մալխաս Ամոյանը մասնակցում է իր առաջին Օլիմպիական խաղերին:

Մալխաս Ամոյանի մասնակցությամբ բրոնզե մեդալի համար գոտեմարտ տեղի կունենա օգոստոսի 7-ին, Երեւանի ժամանակով 20:15-ից:

Կիսվել ձեր ընկերների հետ