Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր լուսանկարները, եթե պարզվի, որ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կտրվի համապատասխան արձագանք: Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց մի նկարի մասին, որտեղ երևում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքը կտրված է:

«Իմ գործընկերը մոտեցրեց և նկարը Ձեզ ցույց տվեց, և ես վստահ եմ, որ Դուք տեսել եք, թե ինչպես է մարդու թևը կտրված և ընկած կողքին։ Ձեռքը կտրված է մարդու, դա ճշտված ինֆորմացիա է։ Նոր նկարը ձեզ ցույց տվեցինք․ հիմա Դուք ուզում եք ասել, որ նման հետևանքները Ձեզ համար ընդունելի՞ են։ Զանգեք և ասեք, որ դադարեցնեն ոստիկանության ուժի կիրառումը», — նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Բոլոր լուսանկարները կնայվեն, կհետազոտվեն, կուսումնասիրվեն, կքննվեն: Եվ, եթե կպարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս որևէ բան է տեղի ունեցել, պետական ինստիտուտները կտան համապատասխան արձագանք»,–վստահեցրեց Փաշինյանը:

Կիսվել ձեր ընկերների հետ