Հորեղբորս տղան հայտնեց Նվերի զոհվելու լուրը…ոտքերս թուլացան…ուզում էի վերջին անգամ գրկել դիակը….

Արցախի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանը մեկն է հարյուրավոր այն հերոսներից, որ հայրենիքի փրկության համար մղված թեժ մարտերում զոհեց ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Նա իրենից թողեց մեկ երեխա ու անսահման կարոտ։

Նրա կինը՝ Հերսիլեն, MediaHub-ին պատմում է ամուսնու անցած մարտական ճանապարհի, միասին ապրած կարճ, բայց երջանիկ տարիների ու ապրումների մասին, որում այսօր հայտնվել ու ցավից տեղը չի գտնում։ Հերսիլեին բախտ չի վիճակվել մասնակցելու ամուսնու հուղարկավորությանը, որը տեղի է ունեցել կեսգիշերին՝ հարազատ Ճարտարում։

«Մենք նույնիսկ իրար հրաժեշտ չտվեցինք դիրքեր բարձրանալիս, որովհետև կարծում էի, որ հերթական «համար 1» հրամանն է և որ դեռ Ճարտարի ակումբում կլինեն, բանը չի հասնի նրան, որ դիրքեր կբարձրանա։ Մինչդեռ, ճակատագիրն ինձ համար այլ կերպ դասավորվեց։ Ես մանկահասակ աղջկաս հետ տանն էի։ Կռիվը սկսվեց, անջատվեց լույսերը, Նվերի հետ կապ հնարավոր չեղավ հաստատել։ Ճարտարից պարզ երևում էր, որ դիրքերում մարտերը թեժ են։ Նվերն Ամարասի դիրքերում էր հերթափոխում, բայց այդ օրը նրանց խմբին տարել էին «Կոհակ» բարձունքի ուղղություն։ Նվերից լուր չունենալու, ու ընդհանրապես որևէ մեկի հետ կապ չհաստատելու պայմաններում արդեն խելագարվում էի»,- MediaHub-ին պատմում է Հերսիլե Առստամյանը։

Նվերը՝ կնոջ խոսքով, ծանր մանկություն է ունեցել։ Նրա հայրը մահացել էր 2000 թվականին, հետո 30 տարեկանում վթարից մահացել էր եղբայրը։ Ինքը, քույրերն ու եղբայրը ինքնուրույն են մեծացել։

Նվերը մասնակցել է նաև 44-օրյա մարտերին։ 2020 թվականի պատերազմից հետո որոշել է ամուսնանալ, հետո ծնվել է Մանեն ու լույսով լցրել փոքր ընտանիքը։

Ես երեխայիս հետ պատսպարվել էի նկուղում, միակ բանը, որ կարող էի անել աղոթելն էր՝ Նվերի ու դիրքերում գտնվող մեր բոլոր եղբայրների համար։ Երեխայի հետ դժվար էր, մանավանդ, որ սնունդի պակաս կար։ Այդ օրը մի կերպ լուսացրեցինք։ Ոչ մի տեղից լուր չունեի Նվերից, բայց սիրտս այնպես էր ծանրացել, որ զգում էի։ Գնալով իրավիճակն ավելի էր վատանում։ Երեխայի հետ ոտքով Ճարտարից հասել եմ Խնուշինակ, հաջորդ օրը հետ եկել։ Հորեղբորս տղային խնդրեցի, որ գոնե ինքը մի բան ասի, Նվերից լուր չունեի, իսկ N32 մարտական դիրքի մասին շշուկներ եմ լսում։ Հորեղբորս տղան հայտնեց Նվերի զոհվելու լուրը։ Այդ պահին չեմ հիշում ինչ կատարվեց հետս, ոտքերս թուլացան, շունչս չէր հերիքում: Ուզում էի տեսնել, գոնե վերջին անգամ գրկել, բայց դիակը դեռ Մարտունիում էր»,- ասում է երիտասարդ կինը։

Սեպտեմբերի 21-ին Նվեր Առստամյանի հարազատները գիշերը ժամը 12:00-ին նրան հողին հանձնեցին Ճարտարի ընտանեկան գերեզմանատանը՝ հոր, եղբոր ու հորեղբոր կողքին։

«Ամուսնուս Մարմինը Մարտունուց Ճարտար հաջողվեց բերել ուշ ժամի։ Տղամարդիկ չթողեցին, որ կանայք մասնակցեն հուղարկավորությանը։ Հաջորդ օրը՝ առաջին ու վերջին անգամ գնացի Նվերի շիրիմին։ Հետո մեզ վիճակված էր գաղթը»։

Հերսիլեի խոսքով՝ բոլորը գիտեին բանակի զինաթափման մասին, բայց Արցախը լքելու լուրերը Ճարտար հասան սեպտեմբերի 23-ին, երբ շրջանն ամբողջությամբ պաշարված էր, դիրքերում՝ անհետ կորածների մարմիններ, շրջափակման մեջ հայտնված տղաներ ու անհայտ ճակատագրեր։

«Անորոշ էր ամեն ինչ։ Ես այդ օրը Խնուշինակում էի, հաց չկար։ Մայրս մեր տան վերջին մի քանի բուռ ալյուրով խմոր էր հունցել, որ հաց թխենք վառարանի վրա։ Խոսում էինք Նվերի 7-ի մասին, մտածում էի, գոնե հիմա ճանապարհը կբացվի, հոգեհաց չհասցրեցինք տալ, գոնե 7-ը կկազմակերպեինք։ Նույն ժամին մեր տուն եկավ գյուղապետի տղան, թե՝ «արագ պատրաստվեք, տարհանվում ենք»։ Ի՞նչ կարող էի անել, կանգնել եմ բակում ու անընդհատ լաց էի լինում։ Սիրտս եմ թողել Ճարտարում, երջանկությունս եմ թողել այնտեղ։ Հիմա ինչպե՞ս դուրս գամ, որտե՞ղ գնամ։ Զանգահարել եմ եղբորս՝ Վահեին, որ գոնե Նվերի շիրիմից մի բուռ հող բերի, նա նկարներն էլ բերեց»,- ասում է մեր զրուցակիցը։

Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել ձեր ընկերների հետ