Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին…ՆԳ նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

ՆԳ նախարար Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրելի՛ կանայք,

Ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Ձեր հատուկ նվիրումն ու ջերմությունն է երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը:

Այսօր կանայք ոչ միայն ընտանիքում են, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, և լուրջ առաջընթաց ունենք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում:

Փորձը ցույց է տալիս, որ կանայք արագ ու հիմնավոր են յուրացնում տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, աչքի են ընկնում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, քաղաքացուն բարձր մակարդակով ծառայություններ մատուցելու, ներկայացվող պահանջները լիարժեք իրականացնելու ունակությամբ:

Այսօր արդեն ոչ միայն Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, այլև Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնց ներուժով է նաև պայմանավորված աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացումը: Եվ կանանց ներգրավվածության բարձրացումն էլ սոսկ ձևական չէ կամ կարծրատիպեր կոտրելու խնդիր չի լուծում:

Նպատակը հենց աշխատանքի որակի և արդյունավետության է՛լ ավելի բարձրացումն է, ուստի այս ուղղությամբ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի կանանց ներգրավվածության նպատակային աճը:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առթիվ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում աշխատանքում: Երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Վահե Ղազարյան
ՀՀ ներքին գործերի նախարար

Կիսվել ձեր ընկերների հետ