ԱՂՈԹՔ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ և ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին: Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում: Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության կոչը հասցնե՛ն մեր ազգի զավակներին: Տե՛ր, Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հիմնեցիր Քո Սուրբ Առաքյալների ու Սուրբ Լուսավորչի միջոցով, շնորհիր անսասան ընթացքով ու ուղիղ վարդապետությամբ առաջնորդել իրեն վստահված հոտը դեպի հոգու փրկություն:
Հիշի՛ր Տեր, ողորմի՛ր և օրհնի՛ր Քո բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին, որպեսզի ուղիղ վարդապետությամբ ուսուցանեն Քո Ճշմարիտ Խոսքը: Տե՛ր նաև օրհնի՛ր Քո եկեղեցու բոլոր նվիրյալ սպասավորներին:
Տե՛ր Աստված մե՛ր, հզոր և ամենողորմ: Խոնարհաբար խնդրում ենք նաև, Քո բարության ներքո պահի՛ր ու պահպանի՛ր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բոլոր փորձություններից ու չար հանգամանքներից: Պաշտպանի՛ր և զորացրու՛ Հոգևոր դասը, բոլոր տիրանվեր ու սրբակրոն հոգևորականներին իրենց ողջ առաքելության և ընթացքի մեջ, որպեսզի չարը չհասնի նրանց ու ամեն գործ անեն Քո փառքի և Քո ժողովրդի հոգևոր դարձի ու բարօրության համար:
Իսկ մենք, վստահելով Քեզ՝ մեր միակ Կենդանության Հույսին ու Փրկության Ապավենին, քաջալերվելով Քո խոստումից, թե. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»՝ օրհնում և փառավորում ենք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:
ԱՂՈԹՔ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ
Սիմեոն Երևանցի
Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր Հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքի՛ր քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։
Բազումողորմ Տեր, գթա՛ ցրված հոտիդ և մի՛ թող տանջվել անմիաբան հոգով։
Տե՛ր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնակա՛ն եղիր ազգիս՝ տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր բոլոր բարի գործերում։
Տե՛ր Աստված մեր, շնորհի՛ր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղի՛ր նրանց աղքատ տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ օժանդակության։
Նաև, ողորմած Աստված, հեռացրո՛ւ ցասումը և պատուհասը ողջ ազգից և գավառներից, ինչպես նաև բոլորի տներից և ողջ հայոց աշխարհից։
Փրկի՛ր չար պատահարներից և ձախորդություններից, հիվանդություններից, սովից, սրից, տարաժամ մահից, և այլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով։
Ցո՛ւյց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս․
Ամեն։