ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել. անցնում ենք պատմականից իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ինչը ցավոտ է. Փաշինյան

Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց դրանց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, իսկապես, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց` Հայաստանը չի ցանկանում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունի, այլ այն պատճառով, որ Հայաստանը գնահատում է այն ահռելի դրականը, որ եղել է և կա հարաբերությունների մեջ:

«Բայց նաև կարևոր է հասկանալ, թե ինչ ու ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում: Իմ գնահատմամբ` տեղի է ունենում նույնը` պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։ Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսվորմացիան։ Բայց դա տեղի է ունենում ու պետք է ամեն ինչ անել՝ այս տրանսվորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար: Մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել ձեր ընկերների հետ