Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան

ՀՀ-ում որևէ գյուղ չկա, որ քննարկվի որևիցե մեկին հանձնելը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դրանք ՀՀ-ի տարածք են։ Ես ասել եմ, որ ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ՝ բոլոր թվականների քարտեզներով։ Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ՀՀ անկախության օրը, մենք նշո՞ւմ ենք ինչ-որ կոնկրետ բան։ Այդ կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի։ Տավուշի բնակիչները գիտեն, որ  գծից այն կողմ միշտ եղել է Ադրբեջան։ Հայաստանի բոլոր իշխանությունները, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը և մենք էլ Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ ճանապարհը, կտորը։ Նույնիսկ ինչ-որ ժամանակ կանգնում և ցույց էինք տալիս, որ սա Ադրբեջանն է»,-նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ ընդդիմությունը հերթական ֆալշ-ստարտն է անում և փորձում է դրանով  ինչ-որ բան գեներացնել. «Նախապես ասում եմ՝ չի ստացվի։ ՀՀ որևէ մաս սակարկման նույնիսկ չի ենթարկվում։ Երբ Ղարաբաղի պատերազմն էր, և փողոցում պտտվող տարբեր դուրսպրծուկներ մե՛կ մեղադրում էին հողերը հանձնելու, մե՛կ մեղադրում էին հողերը չհանձնելու,  պատերազմը ժամանակին չկանգնեցնելու մեջ, ասում էին՝ բա որ էդպես էր, ինչո՞ւ ժամանակին այդպես չարեցիք։ Հիմա տեղի է ունենում ՀՀ-ի տարածքի գծում, որը ապացուցված է։ Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ։ Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում»։

Կիսվել ձեր ընկերների հետ