Երեկ՝ մարտի 25-ին, մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Մնացականյանի վարած «Nissan» մակնիշի և 60-ամյա Մանվել Ղրդիլյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Երևանի բնակիչ 54-ամյա Արտավազդ Մանուկյանը իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մանկիշի ավտոբուսով բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Nissan»-ին բախվելուց հետո վերջինը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել «Opel»-ի վարորդ Մ․ Ղրդիլյանին և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Մանսուրյանին, որից հետո «Nissan»-ը բախվել է «Opel»-ին։
Վթար-վրաերթի հետևանքով Ռ․ Մնացականյանը, Ն․ Ղրդիլյանը, Զ․ Մանսուրյանը և ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Քնարիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ մարտի 26-ին, կեսօրից որոշ ժամանակ անց վիրավորներից Ա․ Ղրդիլյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հրայր Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։