Եթե այս հողերը տա, ճանապարհ կբացի դեպի Երեւան. սթափվիր, քանի ուշ չի. ոսկեպարցիները դիմում են Փաշինյանին

Մեզ համար սահմանամերձ լինելը հպարտություն է եղել, որովհետեւ մեր գյուղի, մեր պետության սահմանն ենք պահել: Այս մասին «Հայաքվե» նախաձեռնության տարածած տեսանյութում նշել է Բաղանիս գյուղի բնակիչ Նարեկ Սահակյանը:

«Ինչքան սահմանը եղել է ամուր, այնքան պետությունը եղել է ապահով եւ ամրապնդված: Ինչքան մենք մեզ թույլ պահենք թե ներսում, թե դրսում, այնքան երկրի սահմանները կլինեն անհանգիստ, կիսապատերազմական կամ պատերազմական իրավիճակում: Դավոք սրտի, ապրում ենք այդ թուլում»,-ասաց նա:

Մեկ այլ բաղանիսցի էլ նշեց. «Նրանց ձեռք է տալիս, որ առանց պատերազմի վերցնեն մեր դիրքերը, որովհետեւ այդ դիրքերից մենք կարող ենք Ղազախի շրջանը ջարդենք: Նրանց ցածր են, մենք բարձր ենք: Այստեղ մի մարդ չկա, որ պատերազմին մասնակցած չլինի: 15 տարեկան երեխեքը մեզ հետ սնարյադ են կրել: չեն կարա մեզ էստեղից հանեն»:

Ոսկեպարցի Նարեկ Բեգլարյանն էլ ընդգծեց, որ սահմանին 7-րդ դարի եկեղեցի է կանգնած. «Դա վկայում է, որ երբ մենք էստեղ գյուղ ենք հիմնել, թուրքն ընդհանրապես այստեղ չի եղել: Էսքանը տալ թուրքին, դա ամենամեծ անարգանքն է: Թուրքի նպատակը հային մորթելն է, թուրքի հետ խաղաղության լեզվով խոսելը անհնար է: Եթե դու մտածում ես, որ ադրբեջանական հողեր են վերեւում ու ներքեւում, մենք էլ հողեր ունենք ադրբեջանական վերահսկողության տակ: Պայքարի, պահանջի էդ հողերը: Ինքը չի պահանջում, միակողմանի գնում է զիջումները: Կռվով ո՞ւմ է փորձում վախեցնել, մե՞զ, որ ծնված օրից կռիվ ենք տեսել: Մեզ անհնար է դրանով վախեցնել կամ ահաբեկել:

Ինքը ոչ մի երաշխիք չի տալիս, որ այդ 4 գյուղը տալուց հետո մեր բնակչությունը խաղաղ կապրի իրենց հետ: Անհնար է: Այսքանից հետո ես ասեմ՝ նա իմ երկրի վարչապետն է, ես իրեն հարգո՞ւմ եմ: Չէ, ես իրեն չեմ հարգում: Սթափվիր, քանի դեռ ուշ չի, քանի դեռ այս մի հողակտորը՝ հյուսիսային դարպասը տված չի: Եթե տա, ճանապարհ կբացի դեպի Երեւան»:

Ոսկեպարցի Էլիչկա Նազարյանի խոսքով, էստեղ իրենց գերեզմաններն են, չեն թողնի ոչ մի դեպքում. «Մինչեւ վերջ կպայքարենք: Առիթ կլինի, պետք կլինի, Աստված չանի, երեխեքին կարող է հանենք, բայց մենք էստեղ ենք մնալու: Սա մենակ Ոսկեպարի հարցը չի, էս ճանապարհը միջպետական ճանապարհ է: Մեզ այդ ճանապարհով հաց է գալիս»:

Նվեր Բեգլարյանն էլ համարում է, որ Ադրբեջանի նպատակները շատ վտանգավոր են, նա ասում է՝ իմը դուր, քոնը մի պահանջիր. «Անընդհատ զիջելու, անընդհատ խեղճ մնալու այդ անպատվությունը, այդ բարդույթը մարդկանց հունից հանում է: 1918-ին անընդհատ նահանջի վերջըւ եղավ Սարդարապատը: Թող էս անգամ էլ Ոսկեպարը լինի նահանջի վերջը: Փաշինյանը ներկայացրեց, որ պետք է անպայման զիջման գնանք, հակառակ դեպքում Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա: Իսկ եթե խելոք չմնանք, Թուրքիան էլ կհարձակվի: Ասաց՝ նոր ճանապարհ կբացենք, որը հնարավոր չի, տեղ չկա, ասաց՝ պետք լինի, թունել էլ կսարքենք:

Կիսվել ձեր ընկերների հետ