Ինչպե՞ս են վնասազերծել զինված տղամարդուն և ի՞նչ է հայտնաբերվել նրա մոտ

Քիչ առաջ, ինչպես հայտնել էինք, ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժած զինված տղամարդուն վնասազերծեցին, բարեբախտաբար տուժածներ չկան, թեպետ ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տղամարդու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրանք վիրավորվել են իրենց իսկ պայթեցրած նռնակից, իսկ երրորդ տղամարդը նռնակը ձեռքը մնացել էր շենքի մոտ և ինչ-որ պահանջներ էր ներկայացնում:

Mediahub-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել, թե ինչպես է տեղի ունեցել զինված տղամարդու վնասազերծումը: Նախ նշենք, որ նրա գրպանում նռնակ կար, որը նա պահում էր մի ձեռքով և սպառնում պայթեցնել, եթե չկատարեն իր պահանջները: Նրա պահանջները, սակայն, անհասկանալի էին, մեզ ասացին` նա կարծես թե ալկոհոլի ազդեցության տակ էր, և հոդաբաշխ մտքեր չէր արտահայտում, որից հասկանալի կդառնար, թե ինչ է ուզում: Սակայն լսվել են Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից դժգոհություններ:

Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո տարածք են ժամանել ոստիկանության Հատուկ նշանակության վաշտի ծառայողները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները: Մեզ ասացին, որ զինված տղամարդը ագրեսիվ շարժումներ է արել ու, նախնական տպավորությամբ, թեքվել է, որ փախուստի կամ որևէ կտրուկ գործողության դիմի, այդ պահին նրա հետ բանակցող փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը կտրուկ բռնել է զինված տղամարդու ձեռքը, որով նա նռնակն էր պահում, որից հետո անմիջապես մոտեցել են ոստիկանության ՀՆՎ-ի ծառայողներն ու ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու վերջնական վնասազերծել տղամարդուն: Մեզ ասացին նաև, որ տղամարդը միայն մեկ նռնակով զինված չի եղել, նրա գրպաններում 5-6 նռնակ է հայտնաբերվել:

Ի դեպ, մենք նկատեցինք, որ զինված տղամարդուն վնասազերծելուց և նրան ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո մի քանի րոպե բարձր ձայներ ու բղավոցներ էին լսվում: Մենք պարզեցինք, որ աշխատանքային հարցերով միմյանց հետ վիճաբանում ու բղավում էին իրավապահ տարբեր կառույցների աշխատակիցներ:

Կիսվել ձեր ընկերների հետ