Գարիկը զոհվեց…«Գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի»․ մայոր Գարիկ Հուռումյանի վերջին խոսքերը

50-ամյա ՊԲ մայոր Գարիկ Հուռումյանը ծառայում էր ՀՕՊ զորքերում։ Կինը՝ Բելան Ասծատրյանը, MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ Գարիկի հետ ապրած 19 տարվա համատեղ կյանքում չի հիշում մի օր, որ ամուսինը ծառայության վայրում չլինի։ Որպես սպա՝ զգում էր դրա ողջ պատասխանատվությունը։

 

Գարիկը մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ 2020-ին մասնակցել է Շուշիի պաշտպանության համար մղված մարտերին։ Ծառայում էր պաշտպանության բանակի գլխավոր շտաբում։

 

«Սեպտեմբերի 19-ին շտաբում էր, երբ իրավիճակը դարձել էր անվերահսկելի, ասացին, որ ադրբեջանցիները մոտենում են Ստեփանակերտին, «26»-ի ուղղությունը չի պահվում, օգնության կարիք կա։ Գարիկն ու իր մոտ գտնվող տղաներից մի քանի հոգի գնալու պատրաստակամություն են հայտնում։ Այդ ընթացքում ես էլ, մեր բոլոր հարազատներն էլ շատ ենք փորձել կապ հաստատել նրա հետ, բայց զանգ չի գնացել»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Գարիկը 3 անչափահաս դուստրերի հայր է։ Կինն ասում է՝ նա մի ներքին անբացատրելի կապ է ունեցել աղջիկների հետ, նրանց հետ ընկերություն էր անում։ Լավ հայր ու օրինակելի ամուսին էր։

 

Նրա կյանքն ընդհատվեց սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտից ոչ հեռու՝ Ստեփանակերտ-Շուշի անտառային հատվածում, դիպուկահարի արձակած կրակից։ Մարտական ընկերներից Մհերն ու կամավորական Սևակը պատմում են․ «Ներքին կապով լուրեր հասան, որ կրակի դադարի մասին պայմանավորվածություն կա, քիչ էր մնացել, որ ժամը կեսօրվա 2-ը դառնա։ «Բոյը» շարունակվում էր ավելի ինտենսիվ։ Մենք կռիվ տալով «26»-ից իջել ենք։ Գարիկն ասաց՝ «գոնե աղջիկներիս հրաժեշտ տայի, չհասցրեցի», մենք ասացինք, որ շուտով կավարտվի կռիվը, կտեսնես, բայց ինքը շատ անհանգիստ էր, կարծես զգում էր իր վերահաս մահը»։

 

Տղաներն ասում են, որ քիչ անց ադրբեջանցի դիպուկահարի ուղիղ նշանառության կրակից իրենց աչքի առաջ ընկնում է Գարիկ Հուռումյանը. «Մենք փորձեցինք օգնել նրան, մի բան անել, որ փրկենք կյանքը, բայց րոպեներ հետո Գարիկն անմահացավ»։

 

Նրանք այնուհետև փորձել են իջեցնել զոհված հրամանատարի մարմինը։ Մոտ 500 մետր առաջանալուց հետո, ադրբեջանցիներն այս անգամ կրակել են Մհերի ոտքին, հաջորդ փորձից՝ Սևակի ոտքին ու ձեռքին. «Կարծես չէին թողնում, որ Գարիկի դիակն իջեցնենք»։

 

Իրենց մոտ գտնվող Կարենն ու ևս մի հոգի գրկել են Մհերին, հանել տարածքից, իսկ Սևակն ինքնուրույն է դուրս եկել։ Տղաները ոտքով երկար ճանապարհ են անցել անտառով, մինչև հասել են Ստեփանակերտի հիվանդանոց։ Գարիկի դին մնացել է այդ հատվածում։

 

Նույն օրը Գարիկի հարազատներին է հասել իրենց հերոսի զոհվելու մասին լուրը։

«Համակերպվել իրականության հետ չէր ստացվում։ Դա ամենածանր շրջանն էր և՛ Արցախի համար, և՛ հատկապես մեր ընտանիքի համար։ Մի կերպ պետք էր բանակցել, որ գոնե ամուսնուս աճյունը դուրս բերեինք, իսկ դրա համար օրեր են եղել հարկավոր և ուժեղ նյարդեր»,- ասում է կինը։

 

 

 

Մի քանի օր անց՝ ռուսների միջնորդությամբ Արցախի նախագահի հետ բանակցելուց հետո, դիակների փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանական զորքը որոշակի հետ է քաշվել Ստեփանակերտի մատույցներից։ Մհերը, Սևակն ու Կարենը քարտեզով տեղորոշել են Գարիկի գտնվելու վայրը, որից հետո սկսվել է որոնումները։ Ընկերներից Արամ Գրիգորյանը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձել է դուրս բերել Գարիկի աճյունը, սակայն, այդ օրը չի հաջողվել։

 

«Ադրբեջանցիներն այդտեղից հավաքում էին իրենց զորքի դիերը, տեղավորում «Կամազ» մեքենայի մեջ։ Նրանց հետ տարել են նաև Գարիկի մարմինը։ Իսկ հաջորդ օրը փրկարար ծառայության ղեկավար Մեխակ Արզումանյանին «Ղայբալիշեն» հատվածում փոխանցել են 6 դի, որից մեկը Գարիկն էր»,- նասում է նա։

 

Գարիկ Հուռումյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զիվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Բելայի խոսքով՝ ընտանիքի համար ծանր ժամանակաշրջան է, կյանքն առանց Գարիկի կորցրել է իր իմաստը, իսկ ամենածանրը հատկապես 3 դուստրերի համար է, ովքեր մշտապես կարոտում են հորը և հին օրերի այն երջանիկ կյանքը, որ մնացել է Արցախում…

Կիսվել ձեր ընկերների հետ