Հայաստանի գլխավոր մարզիչը նորություններ է հայտնել հավաքականի մասին

sport.news.am-ը գրում է. Հայաստանի հավաքականին ժամանակ է պետք արդյունքների հասնելու համար: Այս մասին Թբիլիսիում անցկացված նախախաղային ասուլիսում նշեց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Ջոն վան’տ Սխիպը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի Վրաստան — Հայաստան պատասխան խաղին:

«Պետք է միշտ ելնենք այն խաղացողների ընտրությունից, որն ունենք: Ինքնանպատակ չեն մեր սխեմաները: Օրինակ, Վարաստանի հետ Երեւանում խաղում էինք կիսապաշտպանով, որը ներս էր մտնում, կամ ֆուտբոլիստով, որը փորձում էր ավել խաղացողի իրավիճակ ստեղծել:

Այս երկու հանդիպումներին պատրաստվել էինք այն մոտեցմամբ, որ Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, բայց ինքներդ տեսաք, որ անհատական մի շարք սխալներ եղան մեր կողմից, որի արդյունքում պարտվեցինք:

Բոլոր դիրքերում անընդհատ պետք է փորձենք ընտրել նոր խաղացողների: Մյուս հավաքների ընթացքում կփորձենք ավելի շատ ֆուտբոլիստներ դիտարկել բոլոր դիրքերի, այդ թվում եւ դարպասապահի դիրքի համար:

Հավաքի ընթացքում բոլոր խաղացողները մեր ուշադրություն կենտրոնում են: Առաջիկա խաղերի եւ հավաքների ընթացքում փորձելու ենք առավել կենտրոնանալ երիտասարդների վրա:

Ես շատ լավ տեղյակ եմ, որ Հայաստանում մարզիչին գնահատում են արդյունքով: Այդպիսի իրավիճակի բախվել եմ նաեւ Հունաստանում: Կարծում եմ, բոլորդ տեսնում եք, որ Հայաստանի հավաքականին ժամանակ է պետք արդյունքների հասնելու համար, պետք է ժամանակ տրամադրենք այդ արդյունքները տեսնելու համար:

Վերջին երկու օրերի ընթացքում ունեցել եմ 25 զրույց ֆուտբոլիստների հետ: Ռանոսին ասել եմ, որ երիտասարդ է, լավ տարիքում է եւ վաղվա խաղի հետ կապված էլ նրա հետ ծրագրեր ունեի, բայց նա չհամաձայնեց: Ես փորձում եմ զրուցել, խոսել ֆուտբոլիստների հետ, հասկանալ նրանց խնդիրները, ցանկությունները»,- ասաց Ջոն վան’տ Սխիպը:

Վրաստան — Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Երեւանում Հայաստանի թիմը վրացիներին պարտվել է 0:3 հաշվով։

Կիսվել ձեր ընկերների հետ