Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից և Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները հերթապահ խմբերը:
Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում աշխատում են փրկարարները:
Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիքսեթ Մանուկյանին և նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարանը, և մինչև հրշեջ-փրկարարների և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի դիմաց գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, 2-րդ վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել էին գործարանի աշխատակիցները։
Ժամանել էր նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակը բռնկվել էր շշերի արտադրամասում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։