Առ գարի, տուր բարի, Առ ածուխ , տուր բարիք…Նոր տարվա երեկոյան հայոց որոշ գավառներում այրում էին տարեմուտի քոթուկ` մեծ գերան, որի մի ծայրը դնում էին կրակի մեջ և աստիճանաբար ներս էին հրում…ո՞րն էր խորհուրդը

Նոր տարվա երեկոյան հայոց որոշ գավառներում այրում էին տարեմուտի քոթուկ` մեծ գերան, որի մի ծայրը դնում էին կրակի մեջ և աստիճանաբար ներս էին հրում: Գերանը պիտի անընդհատ վառվեր մինչև Սուրբ Ծնունդ: Համարում էին, որ այդ գերանի ածուխը պաշտպանում է կարկուտից: Բացի այդ սովորույթ կար, որ տուն մտնող ամեն մի հյուր պարտավոր է մի կտոր փայտ գցել թոնրի մեջ:
Ամոնրի գիշերը տանն անպայման որևէ լույս վառ էին թողնում, որ տարին հաջողակ և լուսավոր լինի։ Մութն ընկնելուն պես տան շեմին մոխիր էին ցանում` չարքերից պաշտպանվելու համար, նույն նպատակով մեխ էին խփում խաչերկաթին կամ ալյուրով դռան առաջ խաչ էին նկարում: Որոշ գավառներում ընդունված էր ամեն տանը աշտանակի վրա վառել 12 մոմ: Համշենում կրակով խանձում էին ծառերի ճյուղերը և թեթևակի հպում էին կենդանիներին:

Հայոց գրեթե բոլոր գավառներում Ամանորի կեսգիշերին գնոմ էին ջուր բերելու: Ջուրը բերելիս կարևոր էր լուռ մնալու խորհուրդը։ Եւ եթե ջուր բերողն ուներ մաքուր սիրտ, ապա այդ պահին ջուրը ոսկի էր դառնում, և ոչ միայն ջուրը, այլև ցանկացած իր, ջուրը մտցվելով, կարելի էր վերածել ոսկու կամ արծաթի: Այդ օրը ջուր չէր կարելի թափել: Ջրի առատությունը տարվա առատության նշան էր համարում, սակավությունը`անջրդիություն: Որոշ գավառներում պառավ մամը աղբյուր էր գնում տեսակ-տեսակ մրգերով և բլիթներով և դրանք ջրին էր տալիս, որ տարվա ջրերը մշտահոս լինեն: Որոշ գավառներում ջրի էին գնում երիտասարդները: Ջրի մոտ էին տանում շիշ, խաչերկաթ, հատիկեղեն, խոտ: Գնում էին աղմուկով, նստում գետնին, հատիկեղենը լցնում ջուրը, և ավագն ասում էր.

Քեզի կուտամ ցորեն, գարի,
Դուն ինծի տու բարի,
Շնորհավոր նոր տարի:

Վանում հունվարի 1-ի առավոտյան կանայք, աղջիկները և երեխաները Կաղանդի ծիսական հացեղենը տանում էին աղբյուրի մոտ և թրջում ջրում: Այդ հացեղենի կտորները պահվում էին մինչև տարվա վերջ: Այդ տեղերում աղբյուրի մեջ էին նետում գարեհաց և ածուխ՝ ասելով.

Առ գարի, տուր բարի,
Առ ածուխ , տուր բարիք:

Կիսվել ձեր ընկերների հետ