Կարին Տոնոյան
21 Դեկտեմբեր, 2023 թ. ·
Բարի օր, Մենս……
Երեկ ոչինչ չգրեցի քո մասին, որովհետև մինչ ուշ երեկո մոտդ էի, կենդանի էր մեր զրույցը…… այսօրվա գրածս արդեն վաղվան է պատկանում, որովհետև վաղն առավոտյան ժամը 8.20, 37 տարվա վաղեմությամբ կծնվես ԴՈՒ….. ԴՈՒ, իմ գոյության իմաստը ճակատագրով…..
Դեռ երկրորդ դասարանում այնքան լավ էիր նկարում, որ Ռուսաստանի Դմիտրով քաղաքի նկարչական դպրոցում բացեցին քո անհատական ցուցահանդեսը….. հաջողություններդ այնքան մեծ էին, որ վախեցա նկարիչ դառնաս (ընկերներիս մեջ շատ կային հաջողակ, բայց հարբեցող նկարիչներ), ուստի Հայաստան վերադառնալուց հետո չգնացիր այլևս նկարչական դպրոց:
Հետո միայն 14 տարեկանում ասացիր, որ ուզում ես շարունակել ու ընդունվեցիր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի նկարչական բաժին, որի ավարտական գործդ եղավ Սասունցի Դավթի մոր ձեռքը……. Ինձ տարօրինակ թվաց հանձնառությունդ, բացատրեցիր, որ ձեռք նկարելը ամենադժվար հանձնարարություններից է, իսկ դու միշտ նախընտրում ես ամենադժվարին հասնել…..
Որտեղից էր այդ հատկությունդ. մանկությանդ տարիների լսած անվերջանալի հեքիաթների՞ց, թե գենետիկորեն պապուցդ ժառանգած որակներից….. չգիտեմ, բայց ավարտդ էլ եղավ դժվարագույնը՝ ողջ հասակով կանգնել թուրքի դեմ, չծնկել, չթաքնվել ու ոգեղեն հսկայի պես ընդունել մարտը, հնարավորություն տալով ընկերներիդ փրկվել……
Իսկ երազանքներիդ անվերջանալի շարքն այդպես էլ չիրականացած մնաց, որոնցից մեկն էլ իմ ծերացած ձեռքերը քանդակելը……
Ցավոք Դավթի մոր ձեռքերի մրցանակ շահած նկարն այդպես էլ դպրոցն ինձ չվերադարձրեց, մոտս մնաց միայն էսքիզը նկարի….. իսկ ծերացող ձեռքերս դարձան անիմաստ…….
