Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված բետոնե պատնեշներին, ապա երկաթե արգելապատնեշներին, և մոտ 10 մետր շպրտվել ու բախվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են՝ մեկը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսն էլ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վիրավորներին քաղաքացիների ու պարեկների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Տարածքը պարեկները սահմանազատել են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաբաջանյան գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Վիլեն Քոչարյանն էր, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 26-ամյա Սերգեյ Չալյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ տարածք: