Վթարի է ենթարկվել Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել» -ը…վիրավnրներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, տեսուչ Արման Մելիքյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Պապիկյանն ու Սլավիկ Ուռուսյանը:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին:

Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/10/22/1271730

Կիսվել ձեր ընկերների հետ