Նախօրեին համացանցի օգտատերերից մեկն իր ֆեսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դպրոցներում երեխաներին ինչ-որ տարօրինակ կոնֆետներ են բաժանում։ Նա մասնավորապես գրել է․
«Ծնողներ ջան ուշադիր եղեք, որոշ դպրոցներում կասկածելի կոնֆետներ են հյուրասիրել, այսօր տեղեկացրեցին դասարանի ծնողներից, որ զգույշ լինենք… Տեսնես ոստիկանությունը ինչ քայլեր է ձեռնարկում, առաջին դեպքը չի, էլի ենք լսել»:
Գրառման մեկնաբանությունների բաժնում քաղաքացին նաև հրապարակել է կոնֆետների լուսանկարը։
Oragir.News-ը կապ հաստատեց գրառման հեղինակի հետ՝ պարզելու, թե կոնկրետ, որ դպրոցում են երեխաներին բաժանել կոնֆետները։
«Չգիտեմ, թե որ դպրոցում է եղել, սակայն, ծնողներից մեկն ասաց, որ տվել են երեխաներին, բայց նրանք հրաժարվել և չեն վերցրել։ Այլ մանրամասներ չգիտեմ»,- ասաց ծնողը։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու վերոհիշյալմ գրառման վերաբերյալ որևէ գործողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ, սակայն վերջինս պատասխանեց, որ գրառման վերաբերյալ ոչ մի ինֆորմացիայի չի տիրապետում։