Մեր բազմամիլիոն լսարանն արդեն քաջատեղյակ է, որ այս տարի «Շանթ» հեռուստաընկերությունը տոնում է իր 30-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում «Շանթը» փնտրեց և արդար ընտրությամբ գտավ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տաղանդաշատ ու խոստումնալից երիտասարդների, ում համար ճանապարհ հարթեց հեռուստատաեսության ասպարեզում և ովքեր դարձան սիրված, հանրաճանաչ ու բարձրակարգ պրոֆեսիոնալներ:
Այսօր նրանց բացարձակ մեծամասնությունը մեծ երախտագիտությամբ ընդունում է, որ «Շանթը» փոխեց իրենց կյանքն ու հետագա ճակատագիրը:
Ցավոք, այստեղ էլ բացառություն եղավ. նույն ճանապարհն անցած, «Շանթում» հեռուստատեսային մասնագետ դարձած, «Շանթի» դարբնոցով անցած, «Շանթ» հեռուստաընկերության արտադրած «Մի վնասիր», ապա «Բուժինֆո» հաղորդաշարի հաղորդավար Վահե Տեր-Մինասյանն այսօր համացանցում հայտարարություն է տարածել, որտեղ ասել է, որ ինքն է հեղինակել «Բուժինֆո» հաղորդաշարը, այդ կերպ հրապարակային փորձել է ապատեղեկատվություն տարածել և ոտնձգություն կատարել «Բուժինֆո» հաղորդաշարի հանդեպ «Շանթի» հեղինակային իրավունքի նկատմամբ:
Այս առիթով «Շանթ» հեռուստաընկերությունը նախաձեռնում է իրավական գործընթաց:
«Բուժինֆո» հաղորդաշարի հեռուստադիտողներին տեղեկացնում և վստահեցնում ենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը շարունակում է հաղորդաշարի արտադրությունն ու հեռարձակումը՝ առաջիկայում այն զարգացնելով և հեռուստադիոտողի համար մարդասիրական և օգտակար դերակատարումը շարունակելով:
