Մահացել է Համլետ Գևորգյանը

97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի երկարամյա գլխավոր գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համլետ Գևորգյանը ծնվել է 1927թ․ Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի Մռավյանի անվան ռուսական դպրոցը։ 1950թ․ ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ․՝ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության սեկտորի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնա­ծուական ատենախոսություն` «Աբստրակցիայի դերը իմացու­թյան մեջ» թեմայով: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատե­նախոսություն «Հավանական և հավաստի գիտելիք» թեմայով, որն ամփոփում էր համանուն գրքի և նրան հարող տասնյակ հրա­պարակումների թեզերը: 1972թ․ նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1996-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

 

1956թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսո­փայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Եղել է ինստիտուտի փիլիսոփայության սեկտորի իմացաբանության թեմատիկ խմբի, ինստիտուտի դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլիսոփայական հարցերի բաժնի վարիչ, գիտության փիլիսոփա­յության, ժամանակակից փիլիսոփայության, տեսական փիլիսոփա­յության գիտահետազոտական խմբի վարիչ: 1965-1980թթ․ համա­տեղությամբ ԵՊՀ-ում դասավանդել է փիլիսոփայություն, նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն, իմացաբանություն, գիտության փիլիսոփայություն և մեթոդաբանություն, տրամաբանու­թյուն: 1992-1996թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենը:

Համլետ Գևորգյանի գիտական աշխատությունները հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսո­փայական տեսանկյուններին։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը ցավակցում են Համլետ Գևորգյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների, աշակերտների հոգիներում, իսկ նրա թողած գիտական ժառանգությունը բարձր կգնահատվի գալիք սերունդների կողմից։

Կիսվել ձեր ընկերների հետ