Ես շատ կուզեի, որ նույն՝ Արարատ Միրզոյանի եւ մյուսների զավակներն իրենց հարցեր տային` ինչո՞ւ չի սիրում ձեզ այս ժողովուրդը, ինչո՞ւ է ժողովուրդն այսպես անպատվում ձեզ…Կարին Տոնոյան

Մենք դեռ չենք կարողացել լավ ցնցել իշխանության հիմքերը, եւ պետք է այդ մասին մտածել․ «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայր Կարին Տոնոյանը։ «Այսօր դեռ բավականին, գոնե ինձ համար, հանգիստ է իշխանական թեւը, ինչքան էլ որ մենք իրենց անհանգստություններ ենք պատճառում, ես կուզեի ընդհանրապես իրենց տեսնել սարսափած։ Անկախ նրանից, որ իրենք չեն հանդգնում հանդիպել սրբազանի հետ, ուր էլ գնում է՝ դուրս չեն գալիս, հասարակության հետ հանդիպելու համարձակություն չունեն եւ միշտ թաքնվում են բազմաշերտ ոստիկանական պատի հետեւում, այնուամենայնիվ, մենք դեռ չենք կարողացել լավ ցնցել իշխանության հիմքերը։ Հասարակական ճնշումն այնքան հզոր պիտի լիներ, որ այս բոլորի ընտանիքները, երեխաները պիտի ամբողջ օրը նայեին ու սարսափեին, թե ինչ են անում իրենց ծնողները։ Ես շատ կուզեի, որ նույն՝ Արարատ Միրզոյանի եւ մյուսների զավակներն իրենց հարցեր տային` ինչո՞ւ չի սիրում ձեզ այս ժողովուրդը, ինչո՞ւ է ժողովուրդն այսպես անպատվում ձեզ։ Նիկոլ Փաշինյանը, հիշում եմ, հրապարակում ասաց, որ ամենաշատը վախենում է այդ վստահությունը կորցնելուց։ Հիմա ոչ թե վստահությունն էլ կորցրել, այլ հայ ժողովուրդը հիմա պատրաստ է իրեն բզկտել՝ իրեն ու իր ընտանիքը»,- ասաց Տոնոյանը։

Նա հավելեց, որ հայ ժողովուրդը նրանց այնքան է ատում, որ չի ուզում՝ պարզապես հեռանան, այլ ուզում է, որ պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար։ Անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ փողոցում զբոսնելու կադրերին, Տոնոյանն ասաց, որ հեռուստատեսային կյանքին ծանոթ ցանկացած մարդ գիտի, թե ինչպես կարելի է նկարել, որ կողքից քայլող թիկնապահների խմբերը չերեւան։ Նա շեշտում է, որ եթե այդքան համարձակ են, թող իջնեն հրապարակ՝ ժողովրդի մոտ․ «Թող իջնեն հրապարակ, երբ որ ժողովուրդը հրապարակում է։ Թող իջնեն` իրենց սիրելի ժողովուրդն է, չէ՞, իրենց հպարտ ժողովուրդն է, չէ՞։ Թող գան հրապարակ, կանգնեն ասեն՝ ժողովուրդ, ի՞նչ է եղել: Ինչի՞ց եք վախենում՝ դուրս եկեք, խոսեք մարդկանց հետ։ Չէ՞ որ այդ մարդիկ ամեն օր վճարում են ձեզ, ինչի՞ եք վերածվել բդեշխների։ Եթե ձեր ալբոմը թերթեք, կսարսափեք, թե ինչից ինչի եք վերածվել»։

Անդրադառնալով նախորդ իշխանություններին՝ Տոնոյանն ասաց, որ նրանց ներողություն խնդրելը չի տեսել, նրանք պետք է խոսեն ժողովրդի հետ եւ ընդունեն, որ իրենց 30 տարվա կառավարման արդյունքում է, որ Նիկոլը եկել է իշխանության։ «Ես ուզում եմ Սերժ Սարգսյանին հարց տալ՝ եթե նույնիսկ Դուք չեք բերել, Դուք չեք նպաստել, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, ինչո՞ւ եք նպաստել, որ նման ստահակը գա Հայաստանում իշխանության»,-ասաց Տոնոյանը։ Նորից սխալվելու եւ այդ սխալի հետեւանքով կրելիք պատասխանատվությունը որոշ մարդկանց հետ է պահում փողոց դուրս գալուց։ Իսկ Բագրատ սրբազանի ուսերին շատ մեծ ծանրություն է դրված, եւ մենք նրան չպետք է միայնակ թողնենք այդ ծանրության հետ՝ նկատում է մեր զրուցակիցը։

Կիսվել ձեր ընկերների հետ