Հազ, ցավ կրծքավանդակում, հևոց,,,Թողեք ծխելը և թույլ մի տվեք ձեր ներկայությամբ ծխել…թոքի քաղցկեղի նշաններ են

Թոքի քաղցկեղը չարորակ նորագոյացության ամենատարածված տեսակներից է․ այն առաջատարն է աշխարհում ինչպես մեկ տարվա ընթացքում գրանցվող դեպքերի քանակով, այնպես էլ՝ մահացության ցուցանիշով:

Globocan 2022–ի տվյալներով՝ աշխարհում 2022 թվականին գրանցվել է թոքի քաղցկեղի 2 480 308 նոր դեպք, և 1 817 131 մահ: Հայաստանում նույն թվականին գրանցվել է թոքի քաղցկեղի 883 նոր դեպք, 925 մահ։

Դեպքերի ճնշող մեծամասնության՝ 75 տոկոսի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է III — IV փուլերում, երբ բուժումը գրեթե անհնար է, և խոսքն ընդամենը կյանքը երկարացնելու մասին է։ Բացի այդ, ամեն երկրորդ դեպքը հայտնաբերվում է պատահաբար՝ այլ նպատակով հետազոտության ժամանակ։

Թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի խմբում են՝

Ծխողները․ Թոքի քաղցկեղը 80-85% դեպքերում զարգանում է ծխողների մոտ: Ընդ որում,

Պասիվ ծխելը նույնպես հանդիսանում է ռիսկի գործոն;

Թոքերի խրոնիկ հիվանդություն ունեցողները;

Աղտոտված օդով տարածքներում ապրողները;

Վտանգավոր նյութերի հետ շփում ունեցողները, մասնավորապես՝ ռադոնի, ասբեստի, մկնդեղի, բիս-քլորմեթիլային եթերի, քրոմի, ֆորմալդեհիդի, իոնացնող ճառագայթման, նիկելի, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների, օրգանական փոշու, վինիլքլորիդի, ածուխի և փայտի այրման արտադրանքների և այլն;

Գենետիկ նախատրամադրվածություն ունեցողները, այսինքն մարդիկ, ովքեր ունեցել են թոքի քաղցկեղով հիվանդացած ազգականներ։

Դիմեք բժշկի, եթե որևէ ռիսկի խմբում եք և/կամ նկատում եք հետևյալ ախտանշանները՝

հազ

ցավ կրծքավանդակում

հևոց

արյունախխում

Պետք է նաև նկատի ունենալ, որ թոքի քաղցկեղը վաղ փուլերում գրեթե միշտ անախտանիշ է: Այդ պատճառով պետք չէ սպասել, մինչև ախտանշաններ ի հայտ կգան։ Եթե ռիսկի խմբում եք, պարբերաբար հետազոտվեք:

Հատկապես, պարբերաբար պետք է հետազոտվեն հետեւայալ խմբերին պատկանողները.

55-75 տարեկան մարդիկ, ովքեր ներկայումս ծխում են (ծխելու ինդեքսը 30 տուփ/տարի, որոշ երկրներում 20 տուփ /տարի:) Ի՞նչ է դա նշանակում. 30 տուփ / տարի նշանակում է՝ մարդը ծխում է 30 տարի, օրական 1 տուփ, կամ 15 տարի, օրական 2 տուփ, կամ 10 տարի, օրական 3 տուփ; վերջին 15 տարվա ընթացքում ծխելուց հրաժարվածները։

Ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ անցնել ցածր դոզավորման համակարգչային շերտագրում, որն ունի հետևայալ առավելությունները.

Ճշգրտությամբ գերազանցում է կրծքավանդակի սովորական ռենտգեն հետազոտությունը, և թույլ է տալիս բժշկին ճանաչել ուռուցքը վաղ փուլերում, երբ պացիենտը դեռ չի նշում որևէ գանգատ;

Ճառագայթման դոզան ավելի ցածր է, քան սովորական համակարգչային շերտագրման ժամանակ, ինչի շնորհիվ այն կարելի է կատարել ավելի հաճախակի։

Հարկ է նշել, որ ԱՄՆ–ում, և որոշ Եվրոպական երկրներում, ցածր դոզավորման համակարգչային շերտագրման կիրառմամբ հաջողությամբ իրականացվում է թոքի քաղցկեղի սկրինինգ, ինչի շնորհիվ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում, երբ դեռ չկան մետաստազներ, և հնարավոր է պացինետին վիրահատել, հեռացնել ոռուցքը և վերադարձնել իր առօրյա կյանքին:

2013 թվականին իրականացվել է NELSON հետազոտությունը, որը ներառել է թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկի խմբում գտնվող գրեթե 16 հազար մարդ։ Սա առաջին նման խոշոր հետազոտությունն էր, որը ցույց տվեց կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունավետությունը՝ որպես թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման գործիք. քաղցկեղը հայտնաբերվել է 209 դեպքում, ընդ որում, դեպքերի 70,8%-ը հայտնաբերվել է առաջին փուլում, երբ միայն վիրահատական միջամտությամբ հնարավոր է հասնել լավ արդյունքների:

Ժամանակակից բժշկության զարգացման, հատկապես թիրախային թերապիայի և իմունոթերապիայի կիրառման շնորհիվ նույնիսկ III-IV փուլերի թոքի քաղցկեղը այլևս դատավճիռ չէ։ Անգամ մետաստատիկ թոքի քաղցկեղով (չորրորդ փուլ) պացիենտները ապրում են տարիներ: Այնպես որ հնարավորինս վաղ ախտորոշումը թույլ կտա մեծացնել լիարժեք բուժման հավանականությունը։

Խորհուրդներ թոքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազեցնելու համար՝

Թողեք ծխելը և թույլ մի տվեք ձեր ներկայությամբ ծխել;

Եթե աշխատում եք վտանգավոր միջավայրում, որտեղ անընդհատ շփվում եք ասբեստի փոշու, լաքերի, ներկերի և վնասակար քիմիական նյութերի հետ, օգտագործեք բոլոր անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները;

Կանխեք քրոնիկ վարակիչ հիվանդությունների առաջացումը և սրացումների դեպքում ժամանակին դիմեք բժշկի;
Վարեք առողջ ապրելակերպ, ավելի շատ շարժվեք, որպեսզի ձեր թոքերը ավելի ակտիվ աշխատեն;

Սննդակարգում ավելացրեք բանջարեղենի և մրգերի չափաբաժինը, որոնք պարունակում են օրգանիզմի համար կարևոր հակաօքսիդանտներ։

Կիսվել ձեր ընկերների հետ