Մեր կյանքը երազ է դարձել․ 3 եղբայրներից 2-ի ճակատագիրն առայժմ անհայտ է

Սեպտեմբերը դառը ճակատագրի ամիս դարձավ հազարավոր հայ ընտանիքների համար։ Այդպես էր 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված ու 44 օր տևած պատերազմը, այդպես էր 2022-ի սեպտեմբերի 13-ին ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերի ուղղությամբ թշնամու նախահարձակ գործողությունները։ Իսկ 2023-ի արյունոտ սեպտեմբերը դարձյալ կյանքեր խլեց Արցախի դեմ սկսված ռազմական էսկալացիայի ու վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

MediaHub-ը պարբերաբար անդրադառնում է պատերազմի ընթացքում տեղի ունեցած թշնամու ռազմական հանցագործություններին, բռնի տեղահանման ընթացքում ու գաղթի ճանապարհին գրանցված ողբերգական պատմություններին։ Մեր զրուցակիցը Խաչմաչ գյուղի բնակիչ Բորիկ Մնացականյանն է։ Նրա 2 որդիների մասին սեպտեմբերի 25-ից առ այսօր ոչ մի լուր չկա։ Անհետ կորել են աղետի տարածքում, որից հետո որոնողական աշխատանքներն ու ԴՆԹ նույնականացման թեստն արդյունք չեն տվել։

«Լեռնիկը ՆԳՆ համակարգի ծառայող էր, գտնվում էր Ստեփանակերտում, մյուս տղաս՝ Եղիշեն գյուղում էր երբ սկսվեց պատերազմը։ Տղամարդկանց հետ ես էլ, ինքն էլ մասնակցեցինք պաշտպանական մարտերին։ Տանը Եղիշեի մանկահասակ երեխաներն էին նաև։ Ինչպես բոլորը, մեր ընտանիքն էլ պատսպարվել էր ապաստարանում։ Գնալով իրավիճակը մեր գյուղերի ուղղությամբ թեժանում էր։ Ուշ գիշերին գյուղը տարհանվեց։ Մենք անտառային ճանապարհով ոտքով քայլել դեպի Ստեփանակերտ, որ փրկվենք։ Չեմ ուզում խոսել այդ օրվա մասին, դժվար էր, պատասխանատվությունը՝ մեծ, ողջ մնալու հավանականությունը՝ քիչ»,- ասում է մեր զրուցակիցը։

Բորիկի ընտանիքն ապաստանել է Ստեփանակերտի Արցախ թաղամասում, դստեր տանը։ Ու քանի որ կրակը չէր դադարում ամբողջ գիշեր, ստիպված լուսացրել են շենքի նկուղում։ «Այդ ժամանակ աչքիս ոչինչ չէր երևում, քան հարազատներիս կյանքը։ Լեռնիկը քաղաքում էր ծառայության, Եղիշն աշխարազորի հետ գյուղի տարածքում, քրոջս ընտանիքը սահմանամերձ Թաղավարդում, նրա տղան՝ Սարգսիսն էլ դիրքերում։ Նրանց հետ կապ հնարավոր չէր հաստատել»,- պատմում է Բորիկ Մնացականյանը։

Եղիշեին ևս հաջողվում է անտառներով հասնել Ստեփանակերտ, չնայած, որ ադրբեջանցիները ճանապարհին կրակել են նրանց ուղղությամբ, դժվարությամբ, բայց հասել է։

«Այնքան բան ենք տեսել այդ 2 օրվա ընթացքում, որ ոչ մի բան չէի ուզում, կարևորը ողջ էինք։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ է հասնում նաև քրոջս՝ Լիաննայի ընտանիքը։ Սարգիսը շրջափակման մեջ էր հայտնվել, «բոյ» են տվել, հետո կարողացել են դուրս գալ այդ մղձավանջից ու հասնել Ստեփանակերտ»:

Սարգսի մայրը MediaHub-ին պատմեց, որ պատերազմի առաջին րոպեներից սկսած իրենք էլ ահավոր իրավիճակում են հայտնվել։

«Թաղավարդը 44-օրյայից հետո կիսվել էր, վերին թաղամասում ադրբեջանցիներն էին, ներքին հատվածում՝ բնակչությունը։ Դժվար էր, բայց ապրել ենք։ Տղաս սահմանին էր։ Երբ Թաղավարդի վրա սկսեցին կրակել, բնակչությունը տարհանվեց նախ Կարմիր շուկա, հետո Հերհերի անտառներով հասել ենք Ննգի։ Ադրբեջանցիները մեզ էլ են նկատել, կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ, թաքնվել ենք, մի կերպ հասել Ննգի»,- ասում է Լիաննան։

Նրա որդին` 32-ամյա Սարգիս Ստեփանյանը, 3 օր անց հասել է Ննգի, այնտեղից իր մեքենայով, որի վրա կրակել էին ադրբեջանցիները, տեղահանվել Ստեփանակերտ։ Բորիկի տղաները՝ Եղիշեն ու Լեռնիկը, հորաքրոջ տղային հարազատ եղբոր պես էին վերաբերում։ Բորիկն ասում է. «Այնքան մտերիմ էին դեռ փոքր հասակից, որ շատերն իմացել են 3-ն էլ նույն ընտանիքի երեխաներ են»։

Սարգսի հայրն առաջին ազատամարտի զոհերից է։ Լիաննան նրան դժվարությամբ է մեծացրել։ Բայց ճակատագիրը որդուն էլ խլեց մորից։

«Սեպտեմբերի 25-ին երբ հասան Ստեփանակերտ, գաղթի համար դեպի Հայաստան ճանապարհն արդեն բաց էր, բայց վառելիք չկար։ Նույն օրը երեկոյան 3 եղբայրներով գնացել են Հայկազով, այնուհետև կատարվել է դեպքը։ Դա իսկական դժոխք էր։ Տղաներս, քրոջս որդին, մեր այնքան տղերքը․․․»,- հիշում է Բորիկ Մնացականյանը։

Տարածքում իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն։ Բորիկն իր կնոջ, հարսների, թոռների ու քրոջ հետ եկել է Հայաստան։

«Նոյեմբերին հաստատվեց Սարգսի նույնականացման թեստը։ Մինչ օրս Եղիշեից ու Լեռնիկից որևէ լուր չունենք։ Սպասումից տանջվում ենք։ Հույսով սպասում ենք, որ մի լույս կծագի։ Չգիտեմ, մտածում եմ՝ գուցե այդ տարածքից գերեվարել են, չեմ կարող ասել։ Չկա մի օր, որ տղաներս մեր երազներում չհայտնվեն։ Մեր կյանքը երազ է դարձել»,- հավելեց նա։

Կիսվել ձեր ընկերների հետ