Բուժիչ նամակներ
Գերչակի յուղը պատրաստում են տիզկանեփից (Ricinus communis), նույնն է` գերչակ կամ գենագերչակ։ Գերչակն իշակաթնուկազգիների, կամ նույնն է, կաղանչանազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ունի խորացող առանցքային և բազմաթիվ երկրորդական արմատներ։ Ցողունը սնամեջ է, ճյուղավորվող, հասնում է 2 մ և ավելի բարձրության, կանաչավուն կամ կարմիր է, մոմապատ։ Տերևները շատ գեղեցիկ են, խոշոր, խաչաձև կտրտված, երկար խողովակաձև կոթունով։ Ծաղիկները բաժանասեռ են, միատուն, ծաղկաբույլը հուրանաձև է, որի ստորին հատվածում տեղակայված են` արական, իսկ գագաթում` իգական ծաղիկները։ Ծաղկում է ամռանը, ծաղիկները կարմրականաչավուն են։
Խաչաձև փոշոտվող բույս է։ Պտուղը եռափեղկ գնդիկ է, որը պարունակում է ձևաձև կամ կլորավուն-էլիպսաձև, մինչև 0,8-2,5 սմ երկարություն ունեցող հարթ և փայլուն, չալպտուրիկ 3 հատ սերմ։ Գերչակի հայրենիքն Աֆրիկայի արևադարձային կլիմայական գոտիներն են։ Մշակվում է բազմաթիվ երկրներում` սերմերից գերչակի յուղ ստանալու նպատակով։
Հայտնի է եղել հին եգիպտացիներին, որոնք օգտագործել են գերչակի յուղը կրոնական արարողությունների ժամանակ, պատրաստել են քսուքներ և իմացել են յուղի լուծողական հատկությունների մասին։
Բնության մեջ աճող գերչակի բույսից հյուսիսարևելյան Աֆրիկայի կանայք պատրաստել են գեղարարական միջոցներ։ Բույսի հայրենիքում գերչակի յուղով նույնիսկ տաք կերակուր են պատրաստել։ Կարևոր է իմանալ, որ բույսի սերմի յուղը պարունակում է արագ ներգործող և խիստ թունավոր նյութ ռիցին, որը ջերմային մշակման ժամանակ հեշտությամբ տրոհվում է։ Ցողունը և տերևները նույնպես խիստ թունավոր են։
Բույսը հայտնի է եղել հին Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում, Հռոմում, օգտագործել են գեղարարական նպատակներով, որպես դեղաբույս և նաև լուսավորության համար` լամպերի մեջ։ Գերչակը հիշատակվում է Սուրբ գրքում, Հերոդոտի և Պլինիուսի աշխատություններում։
Գերչակի յուղի հիմնական արտահանողներն են Չինաստանը և Հնդկաստանը։ Սերմերը հարուստ են ճարպայուղով (40-55%), որը պարունակում է ստեարինի, օլեինի, լինոլի, նաև այս բույսին բնորոշ ճարպաթթուներ և ալկալոիդ ռիցիզին։
Ժողովրդական դեղատոմսեր
Գերչակի յուղը յուրահատուկ է նրանով, որ չի առաջացնում թաղանթ, լավ է յուրացվում և ներծծվում մաշկի մեջ։ Մաս է կազմում հայտնի «Վիշնևսկու» քսուքի մեջ, որը նախատեսված է այրվածքի, խոցերի, այլ բնույթի վերքերի բուժման համար և հմուտ բժշկի ձեռքերում կարող է հրաշքներ գործել։
Գերչակի յուղը նպաստում է մաշկածածկույթի վերականգնմանը, նվազեցնում է ցավերը, ունի մաշկը փափկեցնող հատկություն։
Գորտնուկ, պապիլոմա, պիգմենտային բծեր. Գերչակի առանձնահատկություններից է նաև, որ այն ունի դրական վերքամոքիչ ազդեցություն նաև ենթամաշկային շերտի վրա։
Խորհուրդ է տրվում օրը 3 անգամ 10-15 րոպե ներմերսել գերչակի յուղը մաշկի խնդրահարույց հատվածին։
Պիգմենտային բծերի դեպքում գործողությունը պետք է շարունակել առնվազն 1 ամիս։