Mediaarm.am-ը գրում է. Արցախից բռնի տեղահանվածներից ոմանք գաղթի ճանապարհին ամենաթանկ մարդկանց կորցրին։ Այդպես պատահեց Մարգարյանների ընտանիքի հետ. չարաբաստիկ պատահարի հետևանքով 3 անչափահաս տղաների մայրը՝ Կարինեն, մահացավ՝ մնալով կիլոմետրեր ձգվող ավտոշարասյան մեքենաներից երկուսի արանքում։
Վարձակալած բնակարանի մի անկյունում դաշնամուրն է, դրա վրա կողք կողքի երկու լուսանկար՝ 44-ամյա Կարինեինն ու սկեսրայրինը։ Նկարների մոտ շոկոլադներ են. Կարինեի 3 որդիներն են (14-ամյա Կարենը, 12-ամյա Արտյոմն ու 10-ամյա Դմիտրին) իրենց կերած յուրաքանչյուր տեսակի կոնֆետից մայրիկի ու պապիկի բաժինն առանձնացնում, հետո գերեզմաններ տանում։ Կարինեի նկարի կողքին նաև նրա սիրելի օծանելիքն է, ամուսնուց նվեր ստացած տիկնիկը։ 3 որդիների մայր Կարինկան (այդպես էին բոլորը նրան անվանում) երազում էր նաև դուստր ունենալու մասին…
Մարգարյանների ընտանիքը 1989-ին բռնագաղթել է Բաքվից, երկար տարիներ Ստեփանակերտում ապրում էին վարձով, մինչև կարողացան իրենց սեփական անկյունը ստեղծել։ 3-սենյականոց բնակարանում ապրում էին 10 հոգով՝ Արայիկն ու Կարինեն՝ 3 որդիների հետ, Արայիկի ծնողներն ու քույրը՝ Գայանեն՝ 2 դուստրերի հետ։ Բազմամարդ ընտանիքում երեկոյան սեղան չէին նստում, մինչև 10-ն էլ ներկա չլինեին։
Արայիկը 2003 թվականից աշխատում էր ականազերծման կենտրոնում, տարիներ շարունակ 90-ականներից մնացած զենք-զինամթերքն էին վնասազերծում, իսկ 44-օրյայից հետո հիմնականում արդեն նոր՝ իսրայելական արտադրության զինամթերքի ականազերծումն էին իրականացնում։ Կարինեն չէր աշխատում, զբաղվում էր 3 որդիների դաստիարակությամբ։ Կյանքը սիրող ու ամեն մանրուքից տոն ստեղծող կինը շատ էր սիրում սուրճ և շոկոլադ։ Անգամ բլոկադայի օրերին, երբ ամեն ինչի սղություն կար, ամուսինը՝ Արայիկն ամեն ինչ անում էր, որ Կարինկայի սուրճն ու կոնֆետը չպակասեն։
Դեպի Հայաստան գաղթականների ավտոշարասյունը կիլոմետրեր էր ձգվում։
«Ճանապարհի համար էլ սուրճ էր վերցրել, որ կանգնում էինք, փոքր գազի վրա եփում էր, մյուսներին էլ էր բաժանում։ Մոտը կոնֆետներ էլ ուներ պահած»։
Արդեն 28-ի գիշերն էր, հոգնել էին, Արայիկը որոշեց մի փոքր քնել, հանգստանալ։ Վեր թռավ հարվածից։ Սկզբում չհասկացավ՝ ինչ է կատարվում, մինչև միջնեկ որդին՝ Արտյոմն ասաց՝ «մաման գետնին ա»։
«Դուրս էր եկել երևի մաքուր օդ շնչելու, արդեն գալիս էր մեքենան նստելու, հետևի «ԿամԱԶ»–ը եկել, խփել էր, մնացել էր երկու մեքենաների արանքում։ «ԿամԱԶ»–ի շոֆերն էլ մեջը չէր, իջել էր ծխելու, փորձել ա մեքենան նստել, չի հասցրել։ Անկապ, անիմաստ․․․ Մի քանի րոպե ձեռքերումս էր․․․Ու, վերջ…»։
Մոր ողբերգական մահը երեխաներից գաղտնի են պահել, ասել են՝ վատ է, պետք է հիվանդանոց հասցնել, երեխաներին տեղափոխել են առջևից ընթացող ծանոթի մեքենան, Կարինեի մարմինը դրել մեքենան ու շարունակել գաղթի ճամփան։
Հաջորդ կանգառի ժամանակ Արայիկի հայրն է դուրս գալիս մեքենայից, ինքնազգացողությունը վատանում է, ընկնում է, կոտրվածքներ ստանում։
«Ամենից պինդ մարդն էլ կարող էր կոտրվել էդ վիճակում։ Ինքը հիվանդ էր, գլուխն էլ ֆռռացել էր, ընկել էր»։
Հասնում են Գորիս․ այստեղից հորը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Երևան, մյուսները մնում են մոտ 5 օր, քանի որ քննչական գործողություններ էին իրականացվում Կարինեի մահվան փաստով։
«Էդ վիճակում չես իմանում, թե քեզ որ կողմ գցես։ Չգիտեմ, ասում են՝ ճակատագիր, կուզեմ էդ գրողին տեսնել, հարցնել՝ էդ խի՞ ես տենց բան գրել, ո՞նց ես տենց բան մտածել։ Էրեխեքին մինչև վերջ չէինք ասում եղածը, ասում էինք՝ հիվանդանոցում է, թաղման օրն ասեցինք։ Ստեփանակերտից Կարինկայի վերցրած հողն էլ գերեզմանի վրա լցրեցինք…»։
Երևան գալուց օրեր անց մահացավ նաև Արայիկի հայրը։
«Ստեփանակերտից դուրս եկանք 10-ով, մնացինք 8-ով»։
Անչափահաս տղաները հիմա հայրիկի, տատիկի ու հորաքրոջ խնամքին են։ Արայիկն առայժմ չի աշխատում, չի էլ պատկերացնում, թե որտեղից այնպիսի գործ գտնի, որ կարողանա և՛ տան վարձը վճարել (230 հազար դրամ), և՛ ընտանիքի մասին հոգ տանել։