Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
«Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»,- նշվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
168.am-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ Սոթքում իրավիճակն այս պահին հանգիստ է, բայց թե հետո ինչ կլինի՝ դժվար է ասել։
«Գիշերը, իհարկե, տարբեր ուղղություններով եղել են կրակոցներ, բայց դրանք այդքան վտանգավոր չեն եղել, այսինքն՝ ավելի շատ անկանոն են կրակել՝ «նախազգուշական» գործողություն է արվել, որը չգիտեմ՝ ինչ զարգացումներ կունենա։
Ամբողջությամբ՝ 168.am