Այսօր Հիշատակ Մեռելոց է։ Մեր եկեղեցում տարվա 5 Տաղավար (գլխավոր) տոների հաջորդ օրերը Հիշատակ Մեռելոց է։ Եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, ապա հոգեհանգիստ և մարդիկ գնում են գերեզմանոց՝ աղոթելու իրենց հարազատների համար։ Մենք աղոթում ենք մեր ննջած հարազատների համար դրանով ցույց տալով մեր սերը նրանց նկատմամբ։
Բայց նաև մենք աղոթում ենք նրանց համար, որովեհտև այդպես է մեզ պատվիրում Աստվածաշունչը (Հկ․ 5։16)։ Իսկ Պողոս առաքյալը գրում է, որ «ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք» (Հռ․ 14։8), որովհետև մենք Տիրոջ մարմնի անդամներն ենք (Եփ․ 5։30)։ Բայց հիշեք սիրելի Քրիստոնյաներ ջան, որ մեր աղոթքի ուժը նրանում է, թէ մենք ինչքան մաքուր ու սուրբ կյանք ենք ապրում Աստուծո առաջ։
Եթե դուք ուզում էք, որ ձեր աղոթքը ձեր ննջեցյալի կամ որևէ մարդու համար գործուն լինի, ձգտեք ոչ մեկին չդատել, ոչ մեկին մի նեղացրեք, ոչ մեկին նույնիսկ մտքով չարություն մի կամեցեք, ձեր խղճին հակառակ մի ապրեք, այլ խղճով ապրեք։ Հաճախ խոստովանեք ձեր մեղքերը, միշտ մասնակցեք Պատարագներին և հավատով ու երկյուղածությամբ Հաղորդվեք Քրիստոսին։ Թէ չէ չլինի, որ պարզապես գնանք եկեղեցի, մի թղթի վրա մի քանի անուն գրենք, և Հոգեհանգստի ժամանակ ուշադիր լսենք թէ մեր հարազատի անունն ասվեց թէ ոչ՝ փոխանակ մենք էլ ջերմեռանդությամբ ինքներս աղոթելով գթություն խնդրենք նրանց համար Տիրոջից։