Երեկ՝ մարտի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թափառող շունը հարձակվել է 13-ամյա տղայի վրա և կծել նրա ոտքը։
«10։30-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Մալաթիայի շուկայի մոտ մեքենաս կանգնեցրի, որդուս հետ իջանք և քայլեցինք դեպի շուկա։ Մի քանի քայլ քայլեցինք, մի շուն հաչաց, բայց չտեսանք այդ շանը, այդ շան հաչոցի վրա մեկ այլ շուն հարձակվեց և կծեց տղայիս ոտքը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում պատմեց երեխայի հայրը։
Նրա խոսքով՝ շունը հիվանդ է եղել, կաղացել է, փորձել բռնել, բայց չի հաջողվել, փախել է։
Անմիջապես որդուն հասցրել է հիվանդանոց, վերջինս ստացել է փայտացման դեմ պատվաստումը․
«Զանգել եմ քաղաքապետարանի թեժ գիծ, ասել եմ՝ եկեք այս շների ոհմակն այստեղից վերացրեք, հիվանդ շներ են, հարձակվում են մարդկանց վրա։ Հեռախոսիս համարն եմ փոխանցել, որ զանգեն, ասեմ, թե ոնց է դեպքը եղել, բայց մինչ այս պահը ոչ ոք չի զանգել»։
Հայրն ասաց, որ որդին սպորտով է զբաղվում, պետք է երեկոյան մեկներ մրցումների, բայց մի քանի քանի պատվաստում այս օրերին դեռ պետք է ստանա։ «3 օրից նորից պետք է պատվաստվեր, բայց երկրում չի լինելու, չգիտենք, թե ոնց ենք այս հարցը լուծելու»,- եզրափակեց հայրը։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի Հարություն Առաքելյանի հետ, ով ասաց, որ եթե քաղաքացիներից ստանում են ահազանգեր կծաման դեպքերի վերաբերյալ, ապա աշխատակիցները գնում են տվյալ տարածքներ և խնդրահարույց կենդանիներին տեղափոխում են թափառող շների համար նախատեսված կենտրոն։
«Անհրաժեշտ հետազոտություններ են իրականացվում խնդրահարույց կենդանիների հետ, դրանից հետո որոշվում է կենդանին կարո՞ղ է փողոցում ապրել, թե՞ ոչ, հիվա՞նդ է, թե՞ ոչ, ո՞ւնի վարքաբանական շեղումներ, թե՞ ոչ։ Իսկ առհասարակ որպես կանոն ստացված ահազանգերից շատերը իրականությանը քիչ են մոտ լինում, քանի որ մեր հասարակության մեծ մասը կենդանիներ չի սիրում, իհարկե լինում են նաև հակառակը՝ հիվանդ, վարքաբանական շեղում ունեցող կենդանիներ»,- ասաց նա։
Առաքելյանը հավելեց, որ թափառող շների համար առաջին մեծ կացարանի նախագծման աշխատանքներն ավարտվել են, շուտով կհայտարարվի շինարարական մրցույթը․
«Սա ենթադրում է, որ կացարանների գործարկումից հետո մայրաքաղաքում նույնիսկ ստերջացված կենդանիների քանակը կնվազի»։