«Մարդկանց փրկությունը և հենարանը Քրիստոս է՝ իր լուսավոր վարդապետությամբ»․ Կատարվեց նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Գրիգորիս քահանա Պողոսյանը։

Իր քարոզում Տեր Հայրը, մեկնելով տոնի խորհուրդը և անդրադառնալով քրիստոնյայի կյանքում Տիրոջն ընդառաջ գնալու կարևորությանը, ընդգծեց, որ մարդկանց փրկությունը և հենարանը նույն ինքը Քրիստոս է իր լուսավոր վարդապետությամբ։

 

Պատարագիչ քահանան հորդորեց հավատացյալներին անսասան պահել հավատքի լույսն իրենց կյանքում և քայլել դեպի Տերն այն ճշմարիտ համոզումով, որ Քրիստոս միշտ օգնական և պահապան է իրեն հավատացողներին։

Սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, կատարվեց նորապսակների օրհնության կարգ։

 

Նույն օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

 

Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու հայրապետական պատգամը փոխանցելով նորապսակներին, մաղթեց երջանկություն, լինեն միմյանց սիրող ու կարեկից։ Նորին Սրբությունը նաև հորդորեց վերջիններիս ապրել ավետարանական ոգով, որպեսզի աստվածային խաղաղությունն ու սերը մշտապես անպակաս լինեն իրենց նորակազմ ընտանիքներից:

 

Կիսվել ձեր ընկերների հետ