ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում: Հիմնադրվել է VII-VIII դդ., մոտավորապես 592-620թթ.: Պատկանում է խաչաձև կենտրոնագմբեթ կառույցների տիպին: Ի տարբերություն այդ տիպի մյուս եկեղեցիների (Մաստարա, Հառիճ, Արթիկ, Կարս), խաչաթևերից երեքը, բացի արևելյանից, արտաքինից ուղղանկյուն են, այլ ոչ թե հնգանիստ: Եկեղեցին կառուցված է աստիճանավոր պատվանդանի վրա (ստիլոբատ)` բաց սրճագույն ավազաքարի սրբատաշ խոշոր քարերից:
Աղոթասրահը քառակուսի է` պսակված ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Անցումը դեպի գմբեթի թմբուկը իրականացված է տրոմպերով: Ավագ խորանի երկու կողմերում գտնվում են ձգված ուղղանկյուն հատակագծով կամարակապ ավանդատները:
Եկեղեցու արևմտյան և հարավային մուտքերը պսակված են զույգ կիսասյուների վրա բարձրացող կամարակապ ճակտոններով: Տիմպանի ուղղանկյուն խորշերում փորված են ծաղկուն խաչեր: Պատուհանների պսակները պարզ հորինվածք ունեն: Արևելյան պատուհանի պսակը ձևավորված է եռաթերթ տերևների շարքով: Համանման քանդակազարդ ունեցել է նաև քիվը, որից միայն առանձին բեկորներ են մնացել: Այդ բոլոր դեկորատիվ տարրերը բնորոշ են վաղ միջնադարյան հայ արվեստին:
Եկեղեցու գմբեթը կղմինդրածածկ է եղել, ինչի մասին վկայում են պահպանված բեկորները, սակայն հետագայում այն ծածկվել է քարով: Հավանաբար ներսի պատերը ծածկված են եղել որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են ճարտարապետի մեծ վարպետության մասին:
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է կանգուն ու ամբողջական վիճակում, վնասված է միայն կտուրը: Վերջին անգամ վերանորոգման աշխատանքները այստեղ տարվել են 1975-1977 թթ.: