Ուռուցքը սպանեցին, հետո վիրահատեցին։ Հիմա լավ եմ, նույնիսկ դեղեր չեմ խմում…Պայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում

Կանանց անձնական պատերազմները քաղցկեղի դեմ

Քաղցկեղի բուժումից հետևանք մնացած առանց մազերի լուսանկարները մեկ տարի առաջ Աստղիկ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում էր հրապարակել և գրել. «Եկել եմ առաջին անգամ շա՜տ անձնական թեմայով կիսվելու… կիսվելու՝ հույսով, որ իմ օրինակը հնարավոր է ձեզնից մեկի կյանքը փրկի, ինչպես իմը փրկվեց ուրիշի օրինակի շնորհիվ»:

Զաքարյանը հիշում է, որ տարիներ առաջ ծանոթներից մեկի մոտ կրծքագեղձի քաղցկեղ էին հայտնաբերել ու մազից կախված կյանքը հրաշքով էին հասցրել փրկել: Այդ պատմությունից վախեցած, չունենալով որևէ առողջական խնդիր կամ կասկած, չունենալով քաղցկեղով հիվանդ բարեկամներ, տասը տարուց ավելի ամեն տարի մոր ու քույրերի հետ պարտադիր գնացել են կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտման. «տևում էր ընդամենը տասը րոպե ու միշտ ավարտվում էր «խնդիր չունեք, հաջողություն» խոսքով: Միշտ, մինչև 2020-ի հերթական այցը»:

2020 թվականի հուլիսի 22-ն անսպասելիորեն դառնում է երիտասարդ կնոջ անձնական պատերազմի սկիզբը։ Հետազոտությունները հաստատում են`չարորակ ուռուցք, ագրեսիվ տեսակ, սկզբնական փուլ, դեռ առանց տարածվածության (մետաստազների):

Վեց ամսում տասնութ քիմիա ստանալուց հետո Զաքարյանը վիրահատվում է։

«Ուռուցքը սպանեցին, հետո վիրահատեցին։ Հիմա լավ եմ, նույնիսկ դեղեր չեմ խմում։ Երեք ամիսը մեկ գնում եմ ստուգումների։ Ինձ մոտ քաղցկեղը մի կրծքում էր ու շատ փոքրիկ, բայց որպեսզի համոզված ու հանգիստ լինեմ, որ երբևէ չի կրկնվի, երկու կրծքի կրծքագեղձը հեռացրել եմ, և տեղադրել իմպլանտներ։ Լուսանկարներս տեղադրեցի վիրահատությունից հետո, որպեսզի մարդիկ տեսնեն, կարդան իմ սեփական պատմությունն ու ստիպեն իրենց գնալ պարբերաբար ստուգվելու»,- պատմում է 41-ամյա Զաքարյանը։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Անի Հակոբյանը նշում է. չնայած դժվար է հայ կնոջը կտրել խոհանոցից, հոգսերից, ընտանիքից ու բերել հետազոտման, այնուամենայնիվ, ամենամյա հետազոտությունը պարտադիր է։

«Այսօրվա ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս միլիմետրանոց փոփոխությունները տեսնել, իսկ դրանք համարվում են նախաքաղցկեղներ, վաղ քաղցկեղներ, որոնց դեպքում կանայք խուսափում են քիմիայից ու ճառագայթից»,- ասում է Հակոբյանը։

Նա նշում է, որ 2000-ականների սկզբի վիճակագրությունը ցույց էր տալիս, որ կանայք դիմում էին բժշկի բավականին ուշացած` երրորդ ու չորրորդ փուլերում, այսօր արդեն հայտնաբերված քաղցկեղների 40-60 տոկոսը վաղ փուլերում են։

«Նախնական և առաջնային փուլերում մարդու կյանքը խաթարվում է փոքրիկ վիրահատական միջամտություններով, բայց եթե գործընթացը զարգանում է ու ձևավորվում է քաղցկեղ, ապա խնդիրները մեծանում են։ Իհարկե, հիմա հնարավորությունները շատ մեծ են ու մենք շատ լավ արդյունքներ ունենք նաև քաղցկեղի բուժման առումով, նույնիսկ երրորդ ու չորրորդ փուլերում, բայց եթե համեմատում ենք նախաքաղցկեղի կամ վաղ քաղցկեղի հետ, բնականաբար, այստեղ ավելի հեշտ ենք հասնում արդյունքի, և հետագա ապրելիության ցուցանիշը շատ ավելի բարձր է»,- ասում է Հակոբյանը։

Ըստ նրա՝ քաղցկեղի հանդիպման հաճախականությունը դիտվում է հիմնականում 60-անց կանանց մոտ, դրանք այն կանայք են, ովքեր երբեք չեն հետազոտվել։ Ամենախոցելի խումբը 45-55 տարեկաններն են։ Հենց այս տարիքային խմբում էլ հայտնաբերում են նախաքաղցկեղն ու վաղ քաղցկեղը՝ թույլ չտալով, որպեսզի 60 տարեկանում արդեն վերածվի լուրջ շոշափվող գոյացության։

40-ամյա Գայանե Արզումանյանը դեռևս 2011-ին պատահաբար թևատակի հատվածում գնդիկներ է սկսում զգալ։ Հետազոտությունից հետո, բժիշկներն ասում են. «Կիստաներ են, վախենալու չեն»։ Այնուհանդերձ, հետևողական լինելով, ամեն տարի այցելել է հետազոտության։ 2019-ին, հերթական հետազոտությունից հետո, նրա մոտ հայտնաբերում են ուռուցք` նախաքաղցկեղային փուլում։

«Ե՛վ վախենում էի, և՛ ինքս ինձ հույս տալիս։ Սկսեցի գրքեր կարդալ, բուդիստական գրականություն, փորձում էի հասկանալ ինչ է մահը։ Ինձ նախապատրաստում էի, որ մահով չի ավարտվում ամեն ինչ, և նույնիսկ հասել էի նրան, որ գուցե, տիեզերքն ինձ հնարավորություն է տալիս նորից ծնվելու ու նորից սկսելու։ Երբ բիոպսիա արեցին ու ես սպասում էի պատասխանին, ահավոր մի շաբաթ էր, իմ ներսում պայքարում էին հուսահատությունն ու հույսը»,- հիշում է Գայանեն։

Նա պատմում է, որ ուռուցքը հայտնաբերեցին 2019-ի նոյեմբերին, վիրահատեցին` դեկտեմբերին։

«Շատ կարևոր է, երբ հավատում ես քեզ բուժող բժշկին։ Երբ տեսա նրան, մի տեսակ ներքին վստահություն զգացի։ Վիրահատությունից հետո չորս շաբաթ ճառագայթային բուժում եմ ստացել։ Վերջին ճառագայթից հետո բժիշկն ինձ ասաց՝ հաշվիր, որ լրիվ առողջ ես։ Հիմա վեց ամիսը մեկ այցելում եմ սոնոգրաֆիկ հետազոտության, տարին մեկ՝ մամոգրաֆիայի։ Իրականում, չեմ ուզում այդ մասին հիշել, վախենում եմ կրկնվելուց։ Ամեն ստուգմանը մտածում ես, հանկարծ չասեն նորից դրական։ Եթե վաղ շրջանում չդիմեի բժիշկներին, չգիտեմ ինձ ինչ էր սպասվելու։ Կանանց մի տեսակ էլ կա, որ ասում է, չմտածենք դրա մասին, կանցնի, բայց միշտ չէ, որ մեր օրգանիզմը կարող է հաղթահարել խնդիրները»,-պատմում է Արզումանյանը:

Ըստ մասնագետների՝ վերջին տարիներին երիտասարդացել է կրծքագեղձի քաղցկեղը։

Անի Հակոբյանը բացատրում է՝ այդպիսին է իրավիճակն աշխարհում․

«Կրծքագեղձը հորմոն կախյալ օրգան է, և շատ խոցելի է հորմոնային փոփոխությունների հանդեպ, քանի որ մեր կանայք իրենց կյանքի ընթացքում կրում են բազմաթիվ հորմոնալ վայրիվերումներ, այս դեպքում իրենց համար կուրծքը համարվում է օրգան թիրախ։ Այդ է պատճառը, որ եթե տղամարդկանց դեպքում գերիշխում է շագանակագեղձի կամ թոքի քաղցկեղը, ապա կանանց մոտ կրծքագեղձն է»։

Կրծքագեղձի քաղցկեղը չի ճանաչում ո՛չ տարիք, ո՛չ սոցիալական վիճակ։ Այն հանդիպում է և՛ բազմազավակ, և՛ չծննդաբերած կանանց մոտ, և՛ կերակրած։ Սակայն ընդհանուր հաշվով կան պատճառներ, որոնք նպաստում են հիվանդությանը։

«Ողջունելի է մեր կանանց ցանկությունը աշխատել, կայանալ ու նոր ամուսնանալ, բայց կա հստակ ֆիքսված փաստ, որ քաղցկեղի ռիսկն ավելանում է, եթե կինը չի ծննդաբերում մինչև 30 տարեկանը, այսինքն` ռիսկը քչանում է, եթե ծննդաբերում է առաջին անգամ մինչև երեսուն, եթե շատ երեխաներ է ունենում` մինչև 35 տարեկան»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով, որ հորմոնալ պրեպարատների, հակաբեղմնավորիչների ոչ գրագետ ընդունումը, աբորտները, վիժումները, տրավմաները, սթրեսները որքան շատ, այնքան խոցելի են կանայք։

Բժիշկը ցավով արձանագրում է, որ 2020-ի Արցախյան պատերազմից հետո որդեկորույս շատ մայրերի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ․ «Միանգամից գլուխ են բարձրացրել մաստոպատիանները, մենք դա անմիջապես զգում ենք»։

 

Նյութի աղբյուրը՝ evnreport.com

Կիսվել ձեր ընկերների հետ