«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով ձերբակալված անձանցից մեկը, խոստովանել է, որ իրեն կես միլիոն ռուբլի են առաջարկել մարդկանց սպանության համար։ Նրա հարցաքննության տեսանյութը հրապարակել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Հրապարակված կադրերում ձերբակալվածը խոստովանել է, որ գնացել այդ քայլին ոմն «քարոզչի օգնականի» հետ զրույցից հետո։ Նա հայտարարել է, որ մարդկանց սպանել է գումարի համար։
Տղամարդը հայտնել է, որ Թուրքիայից ՌԴ է ժամանել մարտի 10-ին։ Նրա խոսքով՝ ինքը Թուրքիայում էր գտնվում փաստաթղթերի հետ կապված հարցերով։
Ձերբակալվածը հայտնել է, որ իր հետ մեկ ամիս առաջ կապվել են Թելեգրամի միջոցով և կարգադրել գումարի դիմաց սպանել համերգասրահում գտնվող բոլոր մարդկանց։ Ինչ վերաբերում է զենքին, ապա նրա խոսքով՝ զենքը «նրանք» են տրամադրել։ Ճշտող հարցին՝ ովքեր են «նրանք», տղամարդը պատասխանել է, որ տեղյակ չէ։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 143 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Զոհերի ու վիրավորների թվում կան նաև երեխաներ։
Ահաբեկչությունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։ Նրանցից մի քանիսը հայտնաբերվել են ՌԴ Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու։