Այս գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք, վտանգվում է Վայոց Ձորի մարզը. Հրանտ Բագրատյան

«Միասին» շարժումը Տիգրանաշենում է։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք։

«Իհարկե, կարելի է գյուղամիջյան ճանապարհներով դուրս գալ, բայց վտանգի տակ են հայտնվում Պարույր Սևակ գյուղը, և այստեղից սկսվում է արդեն Վայոց ձորի մարզը՝ Չիվա և Երփին գյուղերը վարի են գնում։ Այս գյուղն անցնելով՝ 4 գյուղ է ընդհանուր, Բարխուդարն էլ ենք հանձնում, անպայման պետք է դատարկվի Այգեհովիտը, Վազաշենը, այնուհետև Պառվաքարը, մարդիկ կթողնեն դուրս կգան, Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը ևս կդատարկվեն։ Այնտեղ էլ զրկվում ենք ճանապարհից, որով դուրս են գալիս Վրաստան»,-ասաց նա։

Ըստ Բագրատյանի՝ այս գյուղերից հետո Ադրբեջանը կուզի 3 ճանապարհ։ «Իրենց կարծիքով, Փաշինյանը ստորագրել է միջանցքները և պետք է տա։ Հայաստանն ամոթից ելնելով՝ անվանում է Խաղաղության խաչմերուկ, դա Բաքվում է գրվել, այն է, որ երեք ճանապարհ տանք Սյունիքով Ադրբեջանին՝ անվերահսկելի, դեպի Նախիջևան»,-ասաց նա։

Այս ամենի կանխումն, ըստ Բագրատյանի, հասարակական ընդվզումն է։

«Մարտի 27-ին՝ ժամը 18։00-ին, «Միասին» շարժման հետ փոխեք, ինչպես 18-ին էիք փոխում»,-ասաց նա։

Կիսվել ձեր ընկերների հետ