Ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մահացել է կյանքի 100-րդ տարում: Այդ մասին Матч ТВ-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։
«Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը նոյեմբերի 20-ին վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։
Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր (160 գնդակ):
2011 թ. մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
