Վարչապետն արդեն մեկնաբանել է, ավելացնելու բան չունեմ, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը՝ արձագանքելով Փաշինյանի և եկեղեցու միջև սրված հարաբերությունների վերաբերյալ հարցին։
«Կուսակրոնության հարցը հոգևոր է, դա անձնականի հետ մի կապեք»,-ասաց նախարարը։
Նա նշեց, թե չի տիրապետում եկեղեցականների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններին, որոնց տիրապետում է իշխանությունը։
«Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով, կարծում եմ հրապարակային պետք է պատասխան հնչի»,-ասաց Խուդաթյանը՝ նշելով, թե եթե ինքը լիներ եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտար հրապարակային պատասխան։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի»։
Հարցին, թե կաթողիկոսի՝ հնարավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե՞ ՔՊ-ն՝ իր իշխանությամբ, Խուդաթյանը պատասխանեց.
«Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար։ Վարչապետը մեկնաբանել է այդ մասին, ոչ թե պատերազմ է եղել մեր ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն»։
Խուդաթյանն ասաց, թե իշխանությունը եկեղեցուն չի թիրախավորում.
«Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոն, պարկեշտ սրբազաններ, մենք հարգում ենք այդ մարդկանց»։
