Երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը հավասարը չունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում եւ նվաճեցին չեմպիոնի եւ փոխչեմպիոնի կոչումները:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակիչում 17-ամյա Համլետ Մանուկյանը 14.766 միավորով նվաճեց իր առաջին ոսկե մեդալը մեդածահասակների Եվրոպայի առաջնությունում:
Մամիկոն Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ 14.733 միավորով:
Որակավորման փուլում Համլետ Մանուկյանը վաստակել էր 14.566 միավոր, Մամիկոն Խաչատրյանը՝ 14.400 միավոր:
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը Լայպցիգում պարգեւատրվեցին ոսկե եւ արծաթե մեդալներով: Համլետ Մանուկյանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը:
Քիչ անց կմեկնարկի օղակների վարժության եզրափակիչը, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյան եւ Արթուր Ավետիսյան:
