Ի՞նչ է արյան քաղցկեղը, ինչպե՞ս է այն արտահայտվում. պարզաբանում է Գերմանիայում աշխատող հայազգի արյունաբանը

168.am-ը գրում է․

 

֊Հարցազրույց բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանի հետ։

 Ի՞նչ է լեյկոզը՝ արյան քաղցկեղը, ինչպե՞ս է այն առաջանում:    

– Հարցերին փորձեմ պատասխանել ոչ մասնագիտական՝ հանրամատչելի լեզվով, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչ է արյան քաղցկեղը, և ինչ պետք է անել՝ այն ժամանակին հայտնաբերելու համար: Կան արյան քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ։ Արյան քաղցկեղը չարորակ հիվանդություն է, որի ժամանակ արյունաստեղծ օրգաններում, մասնավորապես՝ ոսկրածուծում, տեղի է ունենում անհաս բջիջների՝ բլաստերի անկառավարելի աճ, և ֆունկցիոնալ առումով ոչ պիտանի այդ բջիջներն անցնում են ծայրամասային արյուն։

Դրանք արյան կազմում գտնվող նորմալ բջիջների երիտասարդ ձևերն են։ Արյան քաղցկեղի պատճառագիտությունը բազմագործոնային է, այսինքն՝ այն առաջանում է մի քանի գործոնների միաժամանակյա ներգործությունից։ Արյան քաղցկեղի   առաջացման պատճառ կարող են հանդիսանալ  տարբեր գործոններ՝  ժառանգական նախատրամադրվածություն, որոշակի մուտացիաներ, այսինքն՝ օրգանիզմում գենային խաթարումներ, քիմիական որոշակի նյութեր, որոշակի հակաբիոտիկներ, դեղամիջոցներ, տարբեր վիրուսներ:

– Իսկ ինչպե՞ս է այն արտահայտվում, հիվանդն ինչպիսի՞ ինքնազգացողություն է ունենում այդ հիվանդության ժամանակ:

– Քաղցկեղն արտահայտվում է մի քանի համախտանիշներով։ Առաջինն անեմիկ համախտանիշն է, որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ, ախորժակի կորստով, աշխուժության անկմամբ: Երկրորդը հեմոռագիկ համախտանիշն է, որը բնութագրվում է տարատեսակ արյունահոսություններով, օրինակ՝  քթային, լնդային և այլն։ Հաջորդը իմունոդեֆիցիտային համախտանիշն է, որն արտահայտվում է տարատեսակ  ինֆեկցիաների նկատմամբ հակվածությամբ, քանի որ իմունային բջիջները հենց արյան կազմում են և հասունացած չլինելով՝ չեն կարողանում ապահովել իմունիտետը, և տարբեր ինֆեկցիաներ, որոնք նորմայում ընկճվում են, այս դեպքում գլուխ են բարձրացնում:

Հաջորդն ինտոքսիկացիոն համախտանիշն է՝ թունավորման, որը պայմանավորված է այդ չարորակ բջիջների կողմից արտադրվող թունավոր նյութերով։ Այն կարող է դրսևորվել ջերմության բարձրացումով, մկանացավերով, հոդացավերով, ոսկրային ցավերով, և այլն: Կա մեկ այլ համախտանիշ ևս՝ գերաճային համախտանիշը, որի ժամանակ որոշակի օրգաններ չափերով մեծանում են, օրինակ՝ լյարդը, փայծաղը, ավշային հանգույցները:

Կիսվել ձեր ընկերների հետ