ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հաշվին իրենց հերոսի տոտալ աստվածացումը սկսվում է ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Հին Հունաստանում տարածված էր թատերական մի տեխնիկա, երբ դրամատուրգը, խճճվելով սեփական սյուժեում, լուծում էր գտնում հունական պանթեոնի ինչ-որ աստծու հայտնությամբ, որն իջնում էր բեմ և իր հայեցողությամբ լուծում էր բարդ սյուժետային բախումները: Այս տեխնիկան կոչվում էր «մեքենայի մեջի Աստվածը»:

Հետևելով ընդդիմադիր որոշ ուժերին առնչվող որոշ մեկնաբանների և մեդիա ակտիվիստների շարժումներին՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ գուրուներն ու գուրուհիները իրենց հին հույն հեղինակներ են պատկերացնում՝ օգտագործելով «մեքենայի մեջի Աստծու» տեխնիկան։

Պետք չէ բացատրել, որ այս կատեգորիայի համար այդ «Աստվածը» և ստեղծագործության գլխավոր դեմքը ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Վերջերս տարակուսանքով կարելի է նկատել այս կեղծ հունական ժանրի առցանց ակտիվացումը։ Ցավոք, առաջիկա հերթական (կամ գուցե արտահերթ) խորհրդարանական ընտրությունները, որոնք այդքան մեծ նշանակություն ունեն ներկայիս դավաճանական վարչակարգի քաղաքականության վրա, վարակել են նաև ընդդիմության որոշ ուժերի։

Նման գլոբալ անվայելուչ գործողությունները չէին ստիպի հրապարակայնորեն արտահայտել մեր տեսակետը, եթե որոշ նորաստեղծ Էվրիպիդեսներ և նրանց պաշտպանող այսպես կոչված PR-շիկները սովորություն չդարձնեին Հանրապետական կուսակցության և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա տոտալ և ինքնամոռաց հաչելը և ցեխ շպրտելը։

Այս շեղումը հոգեբանորեն բացատրելի է. Նիկոլի յոթ տարվա աղետալի իշխանությունը, բնականաբար, իր հետքն է թողնում այն շրջանակների քաղաքական կարիերայի և հոգեկան ներաշխարհի վրա, որոնք այս կամ այն կերպ ներգրավված էին և/կամ մեղսակից էին 2018-ի հակասահմանադրական հեղաշրջմանը:

Բայց ամեն ինչ հերթով

ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հաշվին իրենց հերոսի տոտալ աստվածացումը սկսվում է ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից, երբ կեղծ վերլուծաբանները «մոռանում» կամ միտումնավոր լռում են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դերն՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի, ինչը եղել է առանցքային թե՛ նրա իշխանության գալու, թե՛ ՀՀ երկրորդ նախագահի հաջող կառավարման հարցում։

Ավելին, Ռոբերտ Սեդրակի տասը տարիները, որոնք իսկապես նշանավորվեցին հանրապետությունը իննսունականների փակուղուց դուրս բերելով, կայուն տնտեսական ցուցանիշներով և Հայաստանի պետական ինստիտուտների հզորացմամբ, ոչ միայն երկրորդ նախագահի, այլև ՀՀԿ-ի վաստակն է՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, որը կառավարության գործունեության յոթ տարվա պատասխանատուն էր, ինչպես նաև Սերժ Սարգսյանի, ով չափազանց պատասխանատու դեր է խաղացել իշխանության ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ հիերարխիայում։

Իրենց առասպելագիր հռչակածները, սահուն անցնելով 2008 թվականի իրադարձությունների հարցին, հին հունական դրամատուգներին նախանձող, նորահայտ դեմոսֆենները, միտումնավոր շրջանցում են 2008 թվականի մարտի 1-ին երկրում ներքաղաքական իրավիճակի սրման քաղաքական նպատակահարմարության հարցը։ Նրանք միտումնավոր խուսափում են Նախագահ Սարգսյանի կողմից 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ծանր հետևանքներով զբաղվելու հարցից։

Հիշեցնե՞մ, թե մինչև 2011-2012 թվականները որքան ջանք ու եռանդ է ներդրվել ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու համար։ Ի՞նչ արտաքին քաղաքական մարտահրավերներ պետք է հաղթահարեր երկրի նոր ղեկավարությունը՝ պաշտպանելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերը։ Մարտի 1-ի դեպքերով պայմանավորված հասարակության պառակտումից ու բևեռացումից հետո ի՞նչ անհավանական ջանքեր են գործադրվել երկրում հանդուրժողականության և միասնության մթնոլորտը վերականգնելու համար։

Նորահայտ առասպելագիրները, մոռանալով երկրորդ նախագահի հայտնի արտահայտությունը, թե «իշխանությունը ձեռքից ձեռք փոխանցվող ճամպրուկ չէ»՝ ինքնամոռաց ուռճացնում են Ռոբերտ Քոչարյանի «տիրոջ ուսից» Սերժ Սարգսյանին իբր ծրագրված իշխանությունը փոխանցելու մասին միֆը։ Իրականում Սերժ Սարգսյանի նախագահությունը ոչ թե իշխանության հարցի ներէլիտային լուծում էր, այլ թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում նրա դժվարությամբ ձեռք բերված ազգային-քաղաքական գործունեության արժանի շարունակությունը։

Շարունակությունը՝ կից հղումում։

Կիսվել ձեր ընկերների հետ