Բելլան Արցախյան վերջին պատերազմում կորցրել է երեք զինծառայող եղբայրների

Բելլան Արցախյան վերջին պատերազմում կորցրել է երեք զինծառայող եղբայրներին։

Արայիկը և Սասունը զոհվել են պատերազմի առաջին օրը՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին։ Դավիթը՝ պատերազմում փրկվել է և Հայկազովի ՊԲ պահուստային բենզալցակայանի պայթյունի հետևանքով մահացել։
Բելլան մասնագիտությամբ բժշքույր է, աշխատում էր Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում։

Պատերազմում՝ Մարտունու պաշտպանական դիրքերում զոհված եղբորը՝ Սասունին պատահաբար է տեսել։ Անընդհատ վիրավորներ էին բերում, հերթական վիրավորին օգնություն ցույց տալու ժամանակ տեսել է կրտսեր եղբորը, գոռացել է և ձայնից բոլորը հավաքվել են, բաժանմունքի վարիչ Գրիգորի Առուստամյանն ասել է՝ Բելլային տարեք սենյակից…

Եղբայրը զոհված է։

Ժամեր անց հիվանդանոց են բերել պատերազմում ծանր վիրավորում ստացած երկրորդ եղբորը՝ Արայիկին, բժիշկների բոլոր ջանքերը անարդյունք էին, սրտի կանգ էր գրանցվել…

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի բոլոր բաժանմունքները, հիվանդասենյակները այրվածքներով, ծանր աստիճանի վիրավորումներ ստացած երիտասարդներ էին, մի մասը ողջ էին, մի մասն արդեն մահացած էին, մի մասն էլ օրեր անց են մահացել։

Ահասարսուռ տեսարան էր, պատում է Բելլան …

Սեպտեմբեր 25։ Բելլան գիտեր , որ եղբայրը՝ Դավիթը Հայկազովի բենզալցակայանում է, լսելով, որ բենզալցակայանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, զանգում է եղբորը և վերջապես կարողանում է հետը խոսել։ Դավիթը քրոջն հասցրել է ասել, որ պայթյուն է եղել, վատ է իրեն զգում, ուժեղ ցավեր ունի մեջքի հատվածում և քրոջն օգնության է կանչել…

Դավիթին անմիջապես տեղափոխում են Երևան, նույն օրն էլ մահանում է նաև Դավիթը։

Նյութը՝ Նորություններ Արցախից

Կիսվել ձեր ընկերների հետ