Փաշինյանը շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում. ի՞նչ հեղաշրջում, շահարկել այդ ամենն, ուղղակի անբարոյականություն է. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Արցախում շրջափակման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մշտական կապի մեջ է եղել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ։

«Գրեթե ամեն օր էինք խոսում, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ օրը մի քանի անգամ։ Արայիկ Հարությունյանը հրաժարականի հարցը սկսել է քննարկել մոտ երեք ամիս, մինչև Ղարաբաղի անկումը։ Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, դա հրաժարականի 3-րդ փորձն էր Արայիկ Հարությունյանի կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանն՝ անդրադառնալով ՔՊ-ականների պնդմանը, թե Արցախը «հանձնել» է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և որ նրա ընտրությամբ Արցախում հեղաշրջում է տեղի ունեցել։

Նա նշեց, թե Արայիկ Հարությունյանը ասել է, որ ինքն այլևս ազդեցություն չունի, իր խոսքը տեղ չունի, չի ձգում, պրոբլեմ կա և որ իր հրաժարականը ճիշտ է։

«Ամեն անգամ Բակո Սահակյանն ու ևս մի քանի հոգի համոզում էին դա չանել, վերջին անգամ ինքն արդն հավաքել ու հայտարարել է՝ մեկ է՝ անելու է, հրաժարական է տալու, հարցը քննարկման ենթակա չէ։ Առաջարկել է ուղղակի ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է ստանձնել իշխանությունը, սա էր վիճակը»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանն անձամբ է խոսել, համոզել, որ դառնան Արցախի նախագահ։ Քոչարյանը, սակայն, անուններ չտվեց, թե ովքեր էին նախագահի մյուս թեկնածուները։

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանին պատմել են, որ այդ ամենն Արայիկ Հարությունյանը պատմել է նաև Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում, ի՞նչ հեղաշրջում, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա։

Քոչարյանն ասաց, թե ինքն ընդհանրապես Սամվել Շահրամանյանին չի ճանաչել, իր ընկերներն են խնդրել, որ շնորհավորական ուղերձ հղի նրան ու ինչ-որ տեղ աջակցություն ցուցաբերի։

«Շահարկել այսօր այդ ամենն, ուղղակի անբարոյականություն է»,- հավելեց նա։

Կիսվել ձեր ընկերների հետ