Պայթյունի ու հրդեհի տեսանյութում «Արման» գոռացողն ամուսինս է․ 5 ամիս նա անհետ կորած է համարվում

Ավագյանների ընտանիքում 5 ամիս շարունակ անորոշություն է․ Ավագի ու Գոհարի որդին՝ 22-ամյա Արման Ավագյանից ընտանիքը լուր չունի նախորդ տարվա սեպտեմբերի 25-ից։

Գոհարը MediaHub-ին պատմում է ընտանիքի ապրումները։ «Ո՛չ գիշերն ենք հասկանում, ո՛չ ցերեկը։ Մեր սրտում, մտքում, աղոթքներում ու ամենուր Արմանն է, նրա հետ կապված հիշողություններն ու այն անսահման կարոտը, որ տանջում է մեզ»,- ասում է մայրը։

Ավագյանների ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Մարտունու շրջանի Շեխեր գյուղից տեղահանվել ու ապաստանել էին Ստեփանակերտում։ Ամեն ինչ սկսել նորից։ Մինչ այդ, ասում է Գոհարը, իր ընտանիքին ամենածանր փորձությունն էր բաժին հասել։ Արմանը, որ ծառայում էր Ներքին Հոռաթաղի զորամասում, ծանր վիրավորում էր ստացել։ Նրա կյանքը փրկվել է միայն իր համառության ու կենսասիրության շնորհիվ։

«Օրը 2 անգամ զանգում էր։ Վիրավորվելու օրը ես շատ վատ զգացողություններ ունեի, բայց ինքն ասել էր չզանգեք, երբ հարմար լինի՝ կզանգեմ։ Զանգեց, հարցրեցի որպիսության մասին, ասաց՝ «մեր տեղը հանգիստ է, ես լավ եմ, չմտածես»: Մի քանի րոպե հետո ամուսինս ասաց, որ վիրավորվել է, ուղղակի չէր ուզում ինձ վատ դրության մեջ դներ։ Դժվար օրեր էին, բայց հիմա այդ օրերին եմ կարոտում»,- արտասվում է Գոհարը։

Արմանին տեղափոխել են Հայաստան, բուժում ստանալուց հետո նորից վերադարձել է Արցախ։ Պատերազմից հետո՝ համալսարանում ուսանելուն զուգահեռ, նա աշխատանքի էր ընդունվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Ամեն ինչ հարթ ու գեղեցիկ էր թվում, անգամ Արցախի համար բախտորոշ ժամանակաշրջանում՝ բլոկադայում։

«Պատերազմը սկսվեց, ամուսինս դիրքերում էր։ «ՑՈՐ»-ի զորամասի տղերքի հետ մասնակցել է Ստեփանակերտի պաշտպանության համար մղված մարտերին։ Պատերազմի ավարտից հետո օրեր շարունակ նրանից լուր չի եղել։ Բայց հրաշքով դուրս են եկել «զասադից», եկել հասել մեզ»։

Այդ ընթացքում Արմանը ծառայության հետ մեկտեղել է մոր ու քրոջ մասին հոգատարությունը։ Գոհարն ասում է, որ հատկապես քրոջ՝ Անետայի հետ շատ էր կապված։ «Սիրում է կյանքը, ընկերներին, կամեցող տղա է, լույսով լի սիրտ ունի։ Ամեն րոպե սպասում ենք նրա վերադարձին, բայց ինչպես ու երբ` չգիտենք։ Երեխաս տանջվում է աչքիս առաջ, եղբորն է կարոտում»,- ասում է նա։

Սեպտեմբերի 25-ին, երբ բոլորի պես Ավագյանները ևս պատրաստվել են գաղթել, Արմանն ասել է, որ վառելիքը քչություն կանի. «Այդ օրը առողջական զգացողությունս վատ էր, պառկել էի։ Չգիտեմ՝ ում զանգով էր հասել Հայկազով, ինչպես է գնացել։ Հետո ամուսինս էր իջել այդ տարածք, այնտեղ հանդիպել էին իրար։ Պայթյունը որ եղավ, ալիքը Ավագին հակառակ ուղղություն է տարել, Արմանիս՝ չգիտեմ։ Ամուսինս մինչև ուշքը գլուխն է հավաքել, տեսել է Արմանը չի երևում։ Պայթյունի տարածքից մի տեսանյութ կա, Արման գոռացողը ամուսինս է, գլուխը կորցրած որդուն էր փնտրում»…

Հայաստան տեղահանվելուց հետո ընտանիքը ԴՆԹ թեստ է հանձնել, սակայն, 22-ամյա երիտասարդից նույնականացում չի հաջողվել։ Նույն պատկերն է ևս 20 հոգու դեպքում, նրանք վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցած աղետից հետո համարվում են անհետ կորած։

«Այն ժամանակ ուրախ էի, վստահ էի, որ որդիս ողջ է, դրա համար ԴՆԹ-ն չի հաստատվում, հիմա զգացողություններս խառն են, խելագարվում ենք անորոշությունից»,- հավելում է որդուն ամեն վայրկյան սպասող մայրը:

Կիսվել ձեր ընկերների հետ