Երևանում հասարակական, քաղաքական գործիչները բարձրանում են հասարակական տրանսպորտն ու ուղևորներին կոչ անում՝ կամ վճարել 100 դրամ կամ բոյկոտել։
«Նոր եմ իջել տրանսպոտից, 100 դրամ դրել եմ վարորդի մոտ ու իջել։ Վարորդի հետ խնդիր չունեմ, բայց չեմ պատրաստվում 50 դրամ ավելի վճարել, Երևանում այդ պայմանները, աշխատանքը չունենք, որ ավելի վճարենք»,- ասաց քաղաքացին։
«100 դրամ եմ վճարելու, հատուկ պատրաստվել եմ, որ այդքան վճարել։ Եթե համերաշխք լինենք, այս բոյկոտը կտա իր արդյունքը։ Օրինական թալանի միջոց է»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
«Խայտառակություն է, 50 տոկոսով տրանսպորտի գները բարձրացել են, աշխարհի բոլոր երկրներում, գոնե թոշակառուների համար, տրանսպորտը ձրի է։ Սենց չի կարելի, պետք է լրջագույնս մտածել սրա մասին»,- ասաց երևանցին։
Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանում տրանսպորտը թանկանում է։
Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը, բոյկոտին է միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը քաղաքացիներին կոչ արեց վճարել միայն 100 դրամ, դա իրենց սահմանադրական իրավունքն է։
«Եթե զգում եք, որ օրենքի խախտում է լինում, ուղիղ եթեր մտեք, տեղեկացրեք»,- ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնել։
