«Երեխաս միանշանակ պիտի հոր անունը կրեր». սեպտեմբերին Անուշը կորցրեց և՛ ամուսնուն, և՛ Արցախը

«Երեխայի անունն ընտրելիս երբեք չի քննարկվել, նա միանշանակ պիտի հոր՝ Էրիկի անունը կրեր։ Որպես ամուսին, հայր ու որդի՝ հոգատար էր, բարեհամբույր». Անուշը MediaHub-ին պատմում է ամուսնու՝ ոստիկանության համակարգի երկարամյա ծառայող Էրիկ Բաղիշյանի մասին։

Երիտասարդ կինն անչափահաս երեխաների հետ Արցախից տեղահանվել ու հաստատվել է Երևանում, ծննդավայրից իր հետ բերել է ամուսնու հետ համատեղ ապրած երջանիկ 15 տարիների հիշողությունը։ Իսկ գաղթի ճանապարհին ամենաշատը մտածել է կրծքի տակ դեռ չծված երեխայի առողջության մասին։ Ամուսնու մահից 5 ամիս անց Անուշը լույս աշխարհ է բերել կրտսեր Էրիկին։

«Ծառայության մեջ էր, երբ սկսվեց պատերազմը։ Մենք, բնականաբար, ապաստարանում։ Միմյանց հետ կապ էինք պահում։ Ինքը Ստեփանակերտում էր, որպես համակարգի ծառայող «համար 1» հրամանով բոլորի պես մնացել է ծառայության վայրում։ Զինադադարից հետո ոստիկանությունը վերահսկում էր արդեն Ստեփանակերտի մատույցներ հասած ադրբեջանական զորքի շարժը և հերթապահություն էր իրականացնում ծայրամասային թաղամասերում։ Ամսի 24-ին տուն եկավ։ Իրավիճակն արդեն պարզ էր, պիտի լքեինք մեր ծննդավայրը։ Այդ ժամանակ բնակիչները պատրաստվում էին գաղթել, մեր գնալը Էրիկը բացառեց, ասելով՝ «մենք դեռ այստեղ ենք ու մի քիչ ավելի երկար ենք մնալու»»,- հիշում է կինը։

Էրիկը համակարգում 20 տարվա ծառայության փորձ ունի։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում էր։ Հաջորդ օրը երեկոյան Էրիկի եղբոր՝ Դավիթի կինը զանգահարել է Անուշին, խնդրել, որ գնա հիվանդանոց, լսել է, որ վառելիքի պահեստում պայթյուն է եղել, Դավիթն այրվածքներ է ստացել, իսկ հանրապետական բժշկական կենտրոնն Անուշից ավելի մոտ է։

«Ես չգիտեի պայթյունի մասին, ու չէի պատկերացնում դրա մասշտաբները։ Մեր տունն ավելի մոտ էր հիվանդանոցին։ Անձրև էր գալիս։ Զանգեցի հերթապահ մաս, որ տեղեկացնեմ Էրիկին, նրա փոխարեն, սակայն, պատասխանեց ընկերը՝ Սևակը, չգիտեի, որ Էրիկը չի։ Ասացի` «շուտ արի հիվանդանոց, Դավիթն այրվածքներով տեղափոխվել է այնտեղ»։ Երբ հասա հիվանդանոց, նորից զանգեցի, այս անգամ լսեցի՝ «հերթապահ Մանուչարյան, լսում եմ», ասացի՝ «Սևակ, Էրիկին ասա, թող, արագացնի», ասաց՝ «հիմա կգա»։ Հիվանդանոցում իրարանցում էր, մինչ ես Դավիթին էի փնտրում, բոլորը, այդ թվում՝ երեխաներս, գիտեին, որ Էրիկն էլ է այրվածքներ ստացել ու վերակենդանացման բաժանմունքում է»,- պատմում է Անուշ Հայրապետյանը։

Էրիկի 14-ամյա դուստրը զանգել է հոր հեռախոսահամարին, քաղաքացի է պատասխանել։ Ասել է, որ «պապայիդ հեռախոսն ինձ մոտ է, ինքն էլ է այրվածքներ ստացել»։ Անուշն ավելի ուշ է իմացել, որ այդ քաղաքացուն կրակի փոսում օգնել է Էրիկը, հանել ոստիկանական բաճկոնակը, գցել տղամարդու ուսերին, ինքն էլ ստացել այրվածքներ։ Իսկ հեռախոսը, բանալին ու այլ անձնական իրեր մնացել են գրպանում։

«Որ Էրիկը ևս հիվանդանոցում է, ես իմացել եմ գիշերը ժամը 12:00-ին։ Իսկ այդ ամենը մեզ պատմել է հենց այդ քաղաքացին, ինքն էլ ասել է, որ ամուսինս 3-րդ հարկում է։ Մենք վառելիք ունեինք, իր մեքենան նույնիսկ աղետի տարածքից բավականին հեռու է եղել կայանված։ Հետո եմ իմացել, որ պայթյունից առաջ այնտեղ հերթեր գոյանալու պատճառով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ գնացել են վերահսկելու իրավիճակը։ Անմիջապես տեղի է ունեցել դեպքը, վնասվել են նաև ոստիկանները։ Հիվանդանոցում տեսել եմ Էրիկին, այրվածքների ու ցավերի մեջ էր։ Բժիշկներն ասացին, որ կրակը կուլ տալու պատճառով՝ շնչառական օրգանները շատ են վնասվել»։

Էրիկին Երևան են տեղափոխել սեպտեմբերի 26-ին, շտապ օգնության մեքենայով։ Նույն օրը գաղթի ճամփան բռնում է նաև Անուշն անչափահաս որդու և դստեր հետ, ինքը՝ 4 ամսական հղի վիճակում։

«Մարդիկ ճանապարհին միջամտել ու ճամփա են տվել։ Էրիկի մեքենան վարում էր մեր բարեկամը։ Խցանումների մեջ շատ չենք մնացել։ Մինչև Գորիս հասել ենք 1.5 օրում։ Այնտեղ հարազատներիս մոտ եմ թողել երեխաներին ու տաքսով տեղափոխվել Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։ Սակայն, սեպտեմբերի 29-ի գիշերը հիվանդանոցում արձանագրվում է ամուսնուս մահը»,- ասում է մեր զրուցակիցը։

Փետրվարին Անուշը լույս աշխարհ է բերել կրտսեր Էրիկին։ Նա դեռ չծնված մոր հետ դժվարություններ է հաղթահարել․ պատերազմ, գաղթ, հոր ու հայրենիքի կորուստ։ Նորածինը թեև չի տեսել հորը՝ կրում է նրա անուն-ազգանունը։

«Ամբողջ այդ դժոխային օրերին տղաս ինձ ուժ էր տալիս։ Ու չնայած այսօր էլ կյանքի հասցրած դժվարություններին, ինձ ապրելու հույս են տալիս զավակներս, որոնց ունենալու համար պարտական եմ Էրիկին, որ անմահացավ ծառայողական պարտականությունը կատարելու հետևանքով, հասցրեց փրկել իր հայրենակցի կյանքը»,- հավելում է Անուշը։

Կիսվել ձեր ընկերների հետ