Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանից ռազմատենչ հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները։

«Բացի այդ, տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում, նաև ինտենսիվ թռիչքներ՝ այլ երկրներից, որոնք, ամենյան հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում»,-ասաց Գրիգորյանը։

Նա օրինակ բերեց ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և հույս հայտնեց, որ Բրյուսելը որոշում կկայացնի առաքելության ժամկետը երկարաձգելու հարցում։

Գրիգորյանը կայունության տեսակետից նաև կարևորեց ՀՀ-ի միանալը Հռոմի ստատուտին, ՀՀ-ում ռազմական բարեփոխումները։

«Դրանք որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,-ասաց նա և նշեց, որ այսօր հրապարակված Արտաքին հետախուզության զեկույցի գնահատականի շրջանակներում են դիտարկում հարցը։

Անդրադառնալով բրիտանական կառավարության՝ իր քաղաքացիներին ուղղված հորդորին, որպեսզի խուսափեն ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով երթևեկել, Արմեն Գրիգորյանն առաջարկեց այդ հարցն ուղղել հենց Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, թե ինչ են նկատի ունեցել․«Չեմ կարող մեկնաբանել այլ երկրների մամլո հաղորդագրությունները, ճիշտ կլինի իրենցից հետաքրքրվել»։

Կիսվել ձեր ընկերների հետ